Ի տարբերություն մայրաքաղաքային եռուզեռի, Գյումրիում տրամադրությունն այդքան էլ տոնական չէր: Դատարկ էին հրապարակներն ու փողոցները: Միայն մեկ-երկու հաստատություններում էին, որ փորձել էին օրվան համահունչ տոնական տրամադրություն ստեղծել: Եւ միայն երեկոյան վիճակը փոքր-ինչ փոխվեց: Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էին հավաքվել տեղական եւ մարզային իշխանությունները: Հոբելյանական երեկոյի պատվավոր հյուրը, չգիտես ինչու, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն էր: Նա միակն էր բարձրաստիճան պաշտոնյաներից, ով ժամանել էր Գյումրի: Գորիկ Հակոբյանը հանդես եկավ ելույթով, շնորհավորեց հավաքվածներին անկախության օրվա առթիվ եւ, իհարկե, չմոռացավ շեշտել, որ անկախության պահպանման գործում ազգային անվտանգության ծառայությունն իր ուրույն դերն է ունեցել:«Անխակության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու ժողովրդի եւ պետության անցած ուղու մասին, նախանշելու մեր անելիքներն ու վերաիմաստավորելու ապագայի պատկերացումները: Մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ այս 20 տարին գուցե կարճ ժամանակահատված է, սակայն այս տարիների մեջ է ամփոփված դարերի ընթացքում հայության կողմից փայփայվող ոգու զորությունն արթնացնելու, պետականությունը վերագտնելու ձգտումը»,-ասաց նա:Շնորհավորանքից հետո զեկույցով հանդես եկավ նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նա ներկայացրեց Շիրակի մարզի անցած զարգացման ուղին եւ հեռանկարները. «Քարուքանդ եղած Շիրակի բնակիչը չընկրկեց անկախության նախաշեմին: Սա այն արժեքն է, որի համար ցանկացած զոհաբերության պետք է գնալ: Երկրաշարժից շուրջ 23 տարիներ են անցել: Անցած տասնամյակներում մարզում շատ բան է փոխվել: Աղետի գոտին չնայած դանդաղորեն, բայց վերականգնվում եւ զարգանում է: 1988-2011թթ. ընթացքում կառուցվել է շուրջ 15.000-ից ավելի բնակարան, 6000-ը` ԲԳՎ ծրագրի միջոցներով: Այդ բոլոր ծրագրերը զգալիորեն փոխել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, այդուհանդերձ, դեռեւս չլուծված խնդիրներ կան»:Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ հայրենիքին մատուցած ծառայությունների եւ երկրի զարգացման գործում ներդրած ավանդի համար մարզի մի շարք պետական, համայնքային գործիչներ եւ մտավորականներ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվեցին եւ պատվավոր կոչումներ ստացան: «Մխիթար Հերացի» մեդալով պարգեւատրվեցին 4 բուժաշխատողներ, «Անանիա Շիրակացի» մեդալով` Շիրակի մարզպետարանի եւ գյուղական բնակավայրերի ղեկավարներ, «Մովսես Խորենացի» մեդալ ստացան մարզի տարբեր համայնքների կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Շնորհվեցին նաեւ վաստակավոր արտիստի եւ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներ: ՀՀ վարչապետի խրախուսական շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՇՄ տարբեր համայնքների ղեկավարներ: Անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն ավարտվեց Գյումրու կենտրոնական հրապարակում, որտեղ կազմակերպվել էր տոնական համերգ:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ԱԱԾ-ԱԿԱՆ ՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ