ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ ինչ կապ ունի «Այբ»-ի ու Արայիկ Հարությունյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր հունիսի 4-ի համարում  գրել էր, որ դեռեւս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը, որին էլ իր «դաբրոն» է տվել նաեւ նախարար Հարությունյանը: Մենք տեղեկացանք, որ նախարարը հունիսի 24-ին արդեն Ստեփան Բաբաթորոսյանին նշանակել է քոլեջի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Armlur.am-ը Բաբաթորոսյանի հետ կապված հետաքրքիր տեղեկություն է ստացել: Պարզվում է` վերջինս մշտապես ցանկացել է այդ պաշտոնը զբաղեցնել, բայց նրան դա չի հաջողվել ու արդեն Հարությունյանի միջոցով վերջինս կարողացել է հասնել իր նպատակին:

Հետաքրքիր է նաեւ, որ Ստեփան Բաբաթորոսյանը «Այբ» հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ազգականն է, իսկ ինչպես հայտնի է նախարար Հարությունյանն ու Տեր Մեսրոպ քահանա Արամյանը լուրջ տարաձայնություններ ունեն միմյանց հետ: Ընդ որում, երբ նախարար Հարությունյանի մտերիմները տեղեկացել են այդ նշանակման մասին, զարմացել են, թե ինչպես է վերջինս նման որոշում կատարել:

Ինչեւ նշենք, որ այս քոլեջի հետ կապված կրքերը չեն հանդարվում ու առաջիկայում ասուլիս է սպասվում, թե՛ նշանակման, թե՛ այնտեղ կատարվող իրադարձությունների հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս