ԲԵՐՄՈՒԴՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԲԱԽՏԱՎՈՐ ԳՈՐՏԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մերձակայքում կառուցվող «Դասին» օդանավակայանն ունենալու է 54 հազ. քառակուսի կիլոմետր տարածք, նույնքան, որքան Բերմուդների տարածքն է: Օդանավակայանն ունենալու է 9 թռիչքուղի, իսկ տարեկան այն կարող է սպասարկել 120-200 միլիոն ուղեւորի: Համեմատության կարգով ասենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը տարեկան սպասարկելու է  3 մլն ուղեւորի:  Ճապոնիան էլ որոշել է Չինաստանից ոչնչով հետ չմնալ եւ բացել է լապշայի թանգարան: Թանգարանի բացման գաղափարը պատկանում է Nissin Food ընկերությանը, որն արտադրում է արագ պատրաստվող ուտեստներ: Թանգարանի բացումն էլ նվիրվել է ընկերության կողմից փաթեթներով արագ պատրաստվող լապշայի արտադրման 40-ամյակին: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ թանգարանը նախատեսված է երեխաների, ինչպես նաեւ ուտելիքների արագ պատրաստման շուկայի ներկայացուցիչների համար: Այցելուները կարող են նույնիսկ իրենք մասնակցել լապշայի պատրաստման արարողությանը: Իսկ Շվեդիայում շվեդուհին նախընտրել է տանը ճաշել, ու երբ նա, հազարի տերեւներ գնած, տուն է եկել, փաթեթի մեջ հայտնաբերել է իսկական, կենդանի գորտ: Շվեդուհին հասցրել էր վերին մասից վերցնել հազարի թերթիկները եւ օգտագործել: Ընկերության ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ այդ ամենը կարող է վկայել միայն մի բանի մասին` իրենց արտադրանքն աճեցվում է էկոլոգիապես մաքուր պայմաններում: Շվեդուհին գորտին պահել է իր տանը` որպես ընտանի կենդանի: Պատկերն այլ է Գերմանիայում, եւ, առհասարակ, քաղաքական կյանքում: Այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է Թուրքիայի՝ ԵՄ  լիիրավ անդամակցելուն, Բեռլինում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղեկացրել է, որ իր գլխավորած պետության համար ընդունելի է միայն ԵՄ լիիրավ անդամի կարգավիճակը, եւ ավելի ցածր կարգավիճակ նրան վայել չէ: Գյուլը հայտարարել է. «Մենք պետք  է դառնանք Եվրամիության անդամ: Դրանից պակաս մենք համաձայն չենք: Դա մեր նպատակն է»: Չգիտես ինչու, Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆին էլ Թուրքիայի պես չի դադարում երազելուց: Այս անգամ նա իր ուղերձում ընդդիմադիրներին նախազգուշացնում է, որ ՆԱՏՕ-ի օգնությունը հավերժ չէ: Քադաֆին հայտնել է, որ 40 տարի առաջ կազմակերպած կառավարումը կառուցվել է մարդկանց կամքի վրա եւ չի կարող քանդվել: Հիշեցնենք, որ սա վերջին ամսվա մեջ Քադաֆիի արդեն երրորդ ուղերձն է: ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս