Եթե ՍԴ անդամի ընտրություններն անցել են կեղծիքներով, ապա պետք է չեղարկել Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

-Պարոն Բաբաջանյան, արդեն հայտնի է Սահմանադրական դատարանի դատավորների երկու թեկնածուների անունները՝ Վահրամ Ավետիսյան եւ Երվանդ Խունդկարյան: Ի՞նչ տեսակետ ունեք երկու թեկնածուների մասին:

-Երկու թեկնածուներն էլ չափազանց խոցելի են ու այդպիսով անընդունելի։ Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, ինչով ըստ էության, ամեն ինչ ասվում է, քանի որ հենց նրա հայրն է եղել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պատվերով արդարադատության համակարգողն ու իրականացնողը քրեական արդարադատության ոլորտում, հենց Դավիթ Ավետիսյանի անմիջական համակարգմամբ ու ղեկավարությամբ են կայացվել Մարտի 1–ի գործերերով մեղադրական դատավճիռները։ Եվ որքան էլ Վահրամ Ավետիսյանը, ինչպես պնդում են շատերը, բարձակարգ իրավաբան է ու մասնագետ, այդուհանդերձ նրա հոր բացասական կենսագրությունը չի կարող չազդել նրա գործունեության վրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Եվ դա զուտ տեսական մտահոգություն չէ․ գործնականում՝ ՍԴ դատավորի գործունեության ընթացքում, Վարհամ Ավետիսյանը կարող է բախվել բազմաթիվ գործերի, որոնք կարող են պարունակել շահերի բախում, քանի որ ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունենալու իր հոր մասնագիտական գործունեության հետ։ Այս և բազմաթիվ այլ գործոնների ազդեցության ներքո Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չափազանց խոցելի է, ընդ որում դա կարող է արտահայտվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռիսկերի առումով, այսինքն՝ նա կարող է պայմանականորեն ասած կառավարելի լինել ինչպես ներքին շերտերի, օրինակ նրան իսկ առաջադրած իշխանության, այնպես էլ արտաքին ազդեցության կենտրոնների կողմից։ Նշածս հանգամանքները Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը դարձնում են անընդունելի։

Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանին, ապա ՍԴ դատավորի պաշտոնում նրա առաջադրումն ունի երկու խոշոր ասպեկտներ՝ ինստիտուցիոնալ և անձնային։ Առաջին մասով կարևոր է կատարել սկզբունքային արձանագրում՝ Սահմանդրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելով դատական համակարգը ճանաչեց Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Սա պատասխան է բոլոր նրանց, այդ թվում՝ խորհրդարանական այն ուժերին, ովքեր հայտարարել ու շարունակում են հայտարարել, որ սահմանադրական ճգնաժամի հաղթահրամանն ուղղված ողջ գործընթացը հակասահմանադրական է։ Դատական համակարգը՝ թեկնածու առաջադրելով հօդս ցնդեցրեց բոլոր այդ հայտարարությունները և որպես կարևորագույն ինստիտուտ ճանաչեց այդ գործընթացի սահմանադրականությունը։ Սա ինստիտուցիոնալ, համակարգային մասով։ Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը արդեն անձնական տիրույթում, ապա այդ առումով կան վերապահելի ասպեկտներ։ Նախ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով և ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն։ Այդ տեղեկությունները մինչև այս պահը ո՛չ հերքվել են, ո՛չ է հաստատվել։ Սակայն, եթե վերջնարդյունքում հաստատվի, որ դատավորների ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով, դա ամբողջությամբ կապալեգիտիմացնի այս գործընթացը, ՍԴ նոր դատավորներից առնվազն մեկը կլինի ոչ լեգիտիմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այնպես որ, չափազանց կարևոր է այդ տեղեկությունների վերաբերյալ անցկացնել պատշաճ ո ւ համակողմանի քննություն և, եթե դրանք հաստատվեն, ընդհուպ պետք է չեղյալ հայտարարել դատավորների ընդհանուր ժողովի ընտրությունները և նշանակել նոր ընտրություններ։ Խունդկարյանի հետ կապված մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ակնհայտորեն նա համաձայնել է դառնալ ՍԴ դատավոր՝ ապագայում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու նպատակով։ Այլ դրդապատճառ չէր կարող ունենալ դատական համակարգում բարձրագույն, առանցքային պաշտոն զբաղեցնող անձը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հեռանալու համար։ Իսկ դա նշանակում է, որ ըստ ամենայնի, Խունդկարյանին տրվել են երաշխիքներ կամ խոստումներ, որ նա ՍԴդատավոր ընտրվելուց հետո կդառնա ՍԴնախագահ։ Եթե դա այդպես է, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա ստացվում է, որ գործ ունենք քաղաքական պայմանավարվածությունների հետ, այսինքն՝ այս գործընթացի հիմքում դրվել է ոչ թե անկախ և անաչառ ՍԴ ունենալու նպատակադրումը, այլ քաղաքական կոնյուկտուրան։ Դա լրջագույն հարված է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացին, որովհետև եթե դրանում տեղ են գտնում քաղաքական պայմանավորվածություններ, ողջ գործընթացը վարկաբեկվում ու հեղինակազրկվում է։

-Ի՞նչ եք կարծում, արդյոք առաջադրված երկու թեկնածուները կկարողնան Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը լուծել, արդյոք Ավետիսյանն ու Խունդկարյանը այն անձինք են, ովքեր պետք է «գործուղվեն» ՍԴ:

-Ոչ, նրանք չեն կարողանա լուծել այդ խնդիրը։ Եվ հարցը նրանց անձնական կամ մասնագիտական կարողությունները չեն, որոնց՝ բարձր լինելու մասին հավաստաիացումներին չվստահելու պատճառ չունեմ։ Խնդիրը նրանց այսպես ասենք, ծագումնաբանությունն է ու առնչակցությունները։ Ձեր նշած հարցը կարելի է վերաձևակերպել՝ արդյոք այս թեկնածուները կարո՞ղ են վերադարձնել Սահմանադրական դատարանի կորսված հանրային վստահությունը, որն էլ հանգեցրել էր երկրում սահմանադրական ճգնաժամի։ Ցավոք, պատասխանը կրկին բացասական է։ Սահմանադրական ճգնաժամի հաղթահրման ողջ գործընթացի խորքային նպատակը Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահությունը փոխելն էր, քանի որ մենք բոլոր արձանագրում էինք, որ նախկին ՍԴ–ն չուներ հանրային լեգիտիմություն։ Եվ հիմա, երբ մենք ՍԴ ենք գործողում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դատական համակարգը խեղաթյուրած, պատվերով արդարադատություն իրականացրած Դավիթ Ավետիսյանի որդուն ու նույն Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգում կարիերա արած Երվանդ Խունդկարյանին, մենք ըստ էության զրոյացնում ենք բոլոր հանրային սպասումները, քանի որ այդպիսով Սերժ Սարգսյանին ծառայած դատավորներին փոխարինելու է գալիս Սերժ Սարգսյանին թեկուզ անուղղակիորեն ծառայածների մեկ այլ խումբ։ Այդ առումով, այս երկու թեկնածուները ոչ միայն չեն ավելացնելու Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահությունը, այ լվստահ եմ, որ ավելի են խորացնելու անվստահության մակարդակը։ Միանշանակորեն, նրանք այն անձիք չէին ու չեն, որոնք ձեր հարցի տրամաբանությամբ, պետք է գործուղվեին ՍԴ։ Եվ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, որպես մարդ, ով շուրջ երկու տարի պայքարել է սահմանադրական ճգնաժամի հաղթահարման համար՝ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ թեկնածուները չդառնան ՍԴ դատավոր։ Ես մտադիր եմ այդ նպատակով ստեղծել խորհրդարնական խումբ կամ միավոր, որում կհամախմվեն բոլոր այն պատամավորները, ովքեր դեմ են այս թեկնածուներին։ Այդ ձևաչափին կարող են միանալ նաև այս թեկնածություններին առարկություններ ունեցող իրավաբանները, իրավապաշտպանները, փորձագետները և մենք համատեղ ուժերով կբարձրաձայնենք բոլոր այն խնդիրները, որոնք անընդունելի ու մերժելի են դարձնում Վահրամ Ավետիսյանի ու Երվանդ Խունդկարյանի թեռկնածությունները։

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման: Ըստ այդ փաթեթի պետք է ՀՀ-ում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննի, արդյո՞քպետք էր նման դատարան ունենալ, այն ինչ է տալու ՀՀ-ին:

-Դա կարծում եմ, ինստիտուցիոնալ, համակարգային, ամբողջական լուծում է։ Հաշվի առնելով կոռուպցոին հանցագորոծությունների սպեցիֆիկ բնույթն ու ընգրկման ծավալները արդարացված են, որպեսզի այդ բնույթի հանցագարծություններով զբաղվի մասնագիտացված դատարանը։ Դա մի կողմից հնարավորություն կտա լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատել առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված դատական համակարգը, մյուս կողմից՝ կապահովվի կոռուպցոին հանցագործությունների դատաքաննության ավելի բարձր մակարդակ ու արդյունավետ վճիռներ։ Այս գործոնները խոսում են այն մասին, որ մասնագիտացված դատարան ստեղծելու որոշումը արդարացված է։ Իսկ ավելի առարկայական, դետալային հարթությունում կարծում եմ այս հարցը քննարկելու հնարավորություն կունենանք արդեն հանրային ու մասնագիտական լսումների, քննարկումների փուլում։ Գաղափարը, կրկնում եմ, լավն է ու ողջունելի, սակայն այդ քննարկումների, բանավեճերի միջոցով պետք է անել առավալեգույնը, որ այն կյանքի կոչվի հնարարվորինս բարձր արդունավետությամբ ու պրոֆեսիոնալ մակարդակով, որպեսզի այդ մասնագիտացված դատարանը լինի անխոցելի՝ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ կադրային առումներով։

-Ինչո՞վ է այժմ զբաղված Ձեր քաղաքական թիմը, նկատել ենք, որ մարզեր եք այցելում, մարզային այցերն ինչ նպատակ են հետապնդում:

-Մենք հիմա զբաղված ենք «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը կուսակցության վերածելու գործընթացով, որն ընգրկում է ինչպես բովանդակային, այնպես էլ կազմակերպչաիրավական բավական ծավալուն աշխատանք։ Սակայն զուգահեռաբար, ինչպես դուք նկատելեք, այո, մենք զբաղված ենք մարզային այցելություններով։ Այս փուլում՝ որպես առաջնահերթություն, մենք այցելում ենք սահմամարերձ/սահամանապահ բնակավայրեր, հանդիպում ենք բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկվարաների հետ, լսում ենք նրանց համայնքներին հուզող հիմնական խնդիրները, այսպես ասած գույքագրում ենք դրանք և մեր հնարավարությունների սահմաններում փորձում ենք գտնել դրանց լուծումներ։ Այդ աշխատանքի շրաջանակներում փորձում ենք կապ հաստատել համապատասխան պետական կառույցների հետ, փոխաբերական իմաստով կամուրջի դեր ենք խաղում սահմանապահ բնակավայրերի ու պատկան մարմմինների միջև՝ վերջիններիս ներկայացնելով այն խնդիրները, որոնք գույքագրում ենք մեր այցերի ընթացքում։ Այս աշխատանքը կոնկրետ ինձ համար դարձել է շարունակական, ես նախորդ տարի՝ որպես ԱԺ պատգամավոր այցելում էի մարզեր, անում էի նույն աշխատանքը։ Այս տարի արդեն այդ նույն աշխատանքը մենք ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա ենք դրել և դա կատարում ենք արդեն որպես «Հանուն Հանրապետության» նախաձեռնություն։ Հույս ունենք կուսակցաշինության աշխատանքները ավարտել մինչև տարեվերջ և արդեն այս տարվա ավարտին կամ հաջորդ տարվա սկզբին հանդես գալ որպես «Հանուն Հանրապետության» կուսակցություն։

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս