ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ բոլորիս հաղթանակը: Այս մասին երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ իր ներածական խոսքում, որի հրապարակմամբ  էլ երեկ  Հայաստանի երրորդ նախագահը սկսեց իր  ասուլիսը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

 

«Երբ հրապարակ է նետվում թեզ` հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը եւ ինչ է պարտությունը որեւէ պատերազմում: Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում. դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է` այլ մեթոդներով: Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները: Որեւէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը», – ասել է Սարգսյանը:

Երրորդ նախագահը համոզմունք է հայտնել, որ հնարավոր չէր կանխել կամ խուսափել պատերազմից՝ մանրամասնելով. «Որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որեւէ փոխզիջումային տարբերակի, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր, եւ համոզված եմ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը»:

Ապա Սերժ Սարգսյանը շարունակել է.

«Ինչպես ասացի, հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով: Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որ լավագույնս եւ փաստարկված ձեւակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, նաեւ տարբեր երկրների ղեկավարների հետ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում եւ ընդունված որոշումներում: Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիեւը 2016թ. հոկտեմբերին՝ Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը»:

Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլեւ դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Իր այս ելույթը հրապարակելուց հետո Սերժ Սարգսյանը սկսեց պատասխանել լրագրողների հարցերին: Նախկին նախագահը ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել էր այս տարվա ապրիլի 16-ին, ապա լրագրողներին խոստացել էր տվյալ թեմայով բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ժամանակ: Նշենք, որ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց. «Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»:

Այս հայտարարությանն անդրադարձել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւ նշել. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռեւս 2016 թվականի ապրիլին՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների է տիրապետել։ Ըստ նրա՝ հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։ Նա ասել է. «Մենք ունեցել ենք մեր հետախուզության համապատասխան տեղեկությունը, որը կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքել հակառակորդի կազմի, նրա տեղափոխության, հնարավոր գործողությունների մասին։ Հենց դա է օգնել հայկական ուժերին դիմակայել հակառակորդին ճակատի ողջ գծով եւ հաջողությունների հասնել»: Մնացած բոլոր հարցերի պատասխանները կլինեն զեկույցում», – ասել է Պողոսյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի,  երեկ «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։ «Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին՝ 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։

 

 

24 ԲՆԱԿԻՉ Է ԲՈՒԺՎՈՒՄ

Օգոստոսի 19-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։

 

 

ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:

 

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք: Այն նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները եւ մաքսային մարմինները` մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով: Տեղեկացնենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք: Բայց պարզվում է, որ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել:

 

ՊԱՊԻԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջեւանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ.-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ.-ին եւ 4-ամյա Նաիրի Ղ.-ին, ինչի հետեւանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ.-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ Սամվել Հ.-ն ձերբակալվել է։

 

 




Լրահոս