ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկումները, որոնք այս անգամ նվիրված կլինեն ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ թեմային: Սա արդեն թվով չորրորդ հանրային քննարկումն է: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին։ Ընտրական ցուցակների առնչությամբ ներկաները փաստել էին, որ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավականին ուռճացված են: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Բանն այն է, որ այժմ էլ հնարավոր է ընտրական ցուցակներում որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձեւաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել:

Տեղեկացանք, որ առաջարկվում է նաեւ փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձեւերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: Առցանց քննարկումները կավարտվեն օգոստոսի 25-ին, եւ վերջին քննարկումը նվիրված կլինի ԱԺ կանոնակարգին: Դրանից հետո կամբողջացվեն հանրային քննարկման արդյունքները, եւ նախագիծը կներկայացվի հանրային քննարկման:

 

 

Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ով լինելը ոչ միայն հարուցել է Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերի, այլ նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս այս ընթացքում աշխատանքային խումբ էր ստեղծել, որի միջոցով ցանկանում է ուսումնասիրել Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի եւ արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի անցած ուղիները: Ընդ որում, վերջինիս եւ նրա ընտանիքի շուրջ ամենամեծ ուսումնասիրությունն արդեն կատարվել էր, սակայն հաշվի առնելով, որ նա հրաժարվեց պայքարից, գործընթացը դադարեցվել է: Այստեղ ուշագրավն այն է, որ ուսումնասիրվել են թեկնածուների մասին ամեն հնարավոր տվյալները՝ իրենք ինչ ունեցվածք ունեն, ինչ աշխատանքներ են կատարել, ուսումնասիրվել է նաեւ թեկնածուներից յուրաքանչյուրի հարազատների լայն շրջանակին պատկանող գույքը, գիտական աշխատանքները Հայաստանում եւ արտերկրում, դատական ակտերը, անգամ հարցազրույցներ են արվել թեկնածուների գործունեությունից հնարավոր տուժած անձանց հետ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ ամբողջացվում են ուսումնասիրության արդյունքները, որպեսզի մինչեւ ընտրության օրը ներկայացվեն, եւ պատգամավորները թեկնածուներին հնարավորություն չտան՝ դառնալու ՍԴ դատավորներ:

 

 

Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում վերջինիս պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը, հիշեցնենք, իր պաշտոնին նշանակվեց «Դատական ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ անելու եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինիս ընկերն է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում՝ առաջիկայում փոփոխություններ արվեն նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ: Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է: Միեւնույն ժամանակ, մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որեւէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ: Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնել էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով եւ հիմա անհանգիստ է՝ կհաջողվի արդյոք պլանները մինչեւ վերջ առաջ տանել։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում, եւ այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները: Մեր տեղեկություններով՝ արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: Այսինքն՝ մեկ ծնողի աշխատելու եւ խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաեւ շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում, դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձեւավորել: Հավելենք, որ Պարետի նոր որոշման համաձայն՝ խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա:




Լրահոս