Նախարարությունը հորդորում է վերսկսել դասապրոցեսները. ինչ է կատարվում տնտեսագիտական համալսարանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմին հորդորել է վերադառնալ լսարաններ եւ զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից:

Նկատենք սակայն, որ երեկ համալսարանի ռեկտորատն ու ուսանողական խորհուրդը տարօրինակ հայտարարությամբ էին հանդես եկել եւ այսօր հրավիրել համալսարանի բակ՝ հարցի առնչությամբ բաց քննարկման:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով, որ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով:

Միեւնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցները հերքել էին ցույցի՝ համալսարանի ղեկավարության կամ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից կազմակերպված լինելու մասին լուրերը՝ պնդելով, որ հավաքն ինքնաբուխ է:

Նկատենք սակայն, որ «ՀՊՏՀ ուսանողներ» խումբը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել այս հավաքի մասին, մասնավորապես՝ գրելով. «Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»:

Սակայն Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Այսօր համալսարանի բակում բաց քննարկման ժամանակ ուսանողները հայտարարում էին, թե դեմ են դասադուլին:  «Բոլոր ուսանողների անունից չեմ կարող խոսել, բայց կարող եմ խոսել ՈւԽ-ի անունից, ՈւԽ-ն երբեք չի կանգնում անձերի կողքին, միակ մարդը, ում ուսանողական խորհուրդը պաշտպանում է, դա ուսանողն է»,- նշեց ՈՒԽ ներկայացուցիչներից մեկը:

Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության օրը՝ հուլիսի 17-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) չեղյալ համարեց Գալոյանի գիտական աստիճանը: Ըստ ԲՈԿ-ի՝ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ ու արտագրություններ: Եվ այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլ որոշում է կայացրել, և դա է պատճառը, որ ռեկտորը դեռ պաշտոնապես նշանակված չէ: Միևնույն ժամանակ ՀՊՏՀ-ի մի շարք ուսանողներ և շրջանավարտներ ահազանգում են` բուհի ղեկավարությունը դասապրոցեսը դադարեցնելով ոտնահարում է իրենց իրավունքները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս