Սա մի ցավալի արհավիրք է, որը տեղի է ունենում հայ ազգի հետ : Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը` անդրադառնալով Արցախում պատերազմական իրավիճակին:
«Սա անգիտակից, անողնաշար, անխիղճ մարդկանց շարժում է, որը պատժվելու է վաղ թե ուշ: Այս ժամանակահատվածում խոսքերն այնքան են կորցրել իրենց գինը , եւ այս ամենի թիկունքում մեր տղաների սխրանքներն եւ անձնազոհություններն են: Ես խոսքեր չեմ գտնում այս ամենը նկարագրելու համար, պարզապես ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ ինչ-որ փոքր արարքով ապացուցել մեր ճշմարտությունը: Այսօր բոլորս զինվոր ենք եւ այդ կոչումն ինձ թվում է մնալու է մինչեւ մեր կյանքի վերջը, եւ մենք դատապարտված ենք այն կրելու: Կարծում եմ դա մարդ արարծի համար ամենաբարձր կոչումն է, որն ամեն ազգի տրված չէ: Մենք այսօր կռիվ ենք մղում մեր ճշմարտությունը պահպանելու համար, ինչը մեզ համար դարձել է արժանապատվության խնդիր, եւ երբ քո հողն ու ջուը վտանգված են, ամեն ինչ դառնում է անհեթհեթ, անիմաստ»,-նշում է մեր զրուցակիցը:
Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի կարծիքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի, նույնիսկ այս կորոնավիրուս համավարակի պայմաններում:
«Մեզ համար ամենավտանգավոր բանը հիմա՝ նույնիսկ այս պայմաններում, այն է, որ մենք գիտակցենք, որ մեր շրջապատում կա վարակ, որը կարող է շատ ավելի մեծ եւ ծանր վնասներ տալ Արցախին:
«Թշնամին ամեն ինչ նախօրոք պատրաստել է եւ դրա մեջ բացակայում են մարդկային տեսակին բնորոշ ամեն բան: Ես համոզված եմ, որ Աստված միանշանակ պատժելու է, որ չեն նայում եկեղեցի է, մանկապարտեզ է… : Կարծում եմ այդ չարությունը չի կարող երկար տեւել»,-ընդգծում է Միքայել Պողոսյանը:
Հարցին՝ գոհ է արդյոք միջազգային կառուցերի եւ գերտերությունների արձագանքից, մեր զրուցակիցըն պատասխանում է. «Փաստն այն է, որ մենք հայերս ուղղակի այս աշխարհում միայնակ ենք: Ոչ մեկին, ոչ մի կետում չի հետաքրքրում հայի ճակատագիը, թե 1915 թվականին, թե հիմա: Եվ այս պարագայում մեր միակ հույսը մենք ինքներս ենք, որովհետեւ բոլորը շաղկապված են իրար՝ գործնական եւ փողշահավետ հարաբերություններում: Այսօր ճշմարտությունը ուղղակի դարձել է ոչ կարեւոր: Չկա մի միջազգային կազմակերպություն, մի ատյան, որը կարողանա հանուն ճշմարտության գործողություններ անել: Ամենամեծ եւ ցավալի փաստն այն է, որ մենք միայնակ ենք, մենք այսօր կորցնելու բան չունենք, եւ մենք մինչեւ վերջ պետք է պայքարենք հանուն մեր վաղվա ազատ եւ անկախ ապագայի համար»:
Լիդա Եղիազարյան