Պետությունն ամեն ինչ փորձում է անել․ վաղ թե ուշ այս ամենը կավարտվի․ Միքայել Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր մտքեր կան, որոնք փոփոխական են, քանի որ այս արհավիրքը բոլորիս համար մեծ փորձություն է։ Առաջին անգամ ենք առնչվում նման խնդրի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը։

«Այսօր տեղեկատվությունն այնքան տարբեր է ներկայացվում, որ այդ ամեն ինչի մեջ սկսում ես գտնել ռացիոնալ միտքն ու տրամաբանությունը, որով առաջնորդվում ես։ Փաստն այն է, որ պետք է շատ զգույշ լինենք։Անկեղծ ասած ես իմ առօրյայի մեջ մեծ փոփոխություններ չեմ մտցրել, քանի որ հիմնականում նստակյաց կյանք եմ վարում, սիրում եմ առանձնանալ։ Միակ դժվարությունն այն է, որ չեմ կարողանում իմ հարազատներին, ընկերներին հրավիրել ինձ մոտ։ Անվանդույթ ունենք․ կրակ ենք վառում, գինի ենք բացում, և իհարկե այս ամենի հետ մեկտեղ կան բարոյահոգեբանական խնդիրներ, որոնք, իհարկե, կարողանում ես հաղթահարել տարբեր ոլորտների մեջ խորանալով»,-նշեց դերասանը։

Միքայել Պողոսյանի կարծիքով՝ սա լավ առիթ է, որպեսզի որոշ բաներ վերանայվեն, շտկվի այն իներցիան, որ մինչև այսօր ապրել ենք։

«Վաղ թե ուշ այս ամենը կավարտվի, բայց թե այդ ամենի արդյունքում մարդ արարածը ո՞նց իրեն կդրսևորի, ի՞նչ հոգեբանական կորուստներ կկրի․․․Պետությունն ամեն ինչ փորձում է անել, չեմ ընդունում այն ծայրահեղ քննարդատությունները, որն այսօր հնչում են»,-հավելեց դերասան Միքայել Պողոսյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս