Նախկին և ներկա տագնապներն անհամեմատելի են. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի վարչապետության մեկամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու մեկամյակի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ: Նա անդրադարձել է մեր երկրի ձեռքբերումներին եւ արդեն մեկ տարեկան իշխանության գործելաոճի խոցելի կետերին:

-Պարո՛ն Պողոսյան, այս մեկ տարվա ընթացքում մեր երկիրն ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ` ըստ Ձեզ:

-Մարդիկ հոգեբանորեն ազատագրվեցին անիմաստ տագնապներից, բայց դա չի նշանակում, թե նոր տագնապներ առաջ չեկան. պարզապես նախկին եւ ներկա տագնապներն անհամեմատելի են: Ես կարծում եմ, որ բոլորիս կյանքում շատ կարեւոր եւ հրաշալի բան տեղի ունեցավ. սա պետք է գիտակցեն անգամ ընդդիմադիրները: Առջեւում, իհարկե, կլինեն դժվար պահեր, բայց դրանք ի նպաստ մեր հետագա բարեկեցիկ կյանքի են լինելու:

-Չենք կարող չֆիքսել, որ այսօր հայ հանրության շրջանում առկա է հիասթափություն ապրած մարդկանց մի զանգված, որի սպասումները ներկա իշխանությունից ավելին էին: Ի՞նչ կասեք նրանց:

-Դա բնորոշ է մեր էմոցիոնալ համակարգին, որը երկրորդ պլան է մղում բանականությանը: Հայի տեսակն անհամբեր է, բայց հիմա հարկավոր է բանականությամբ առաջնորդվել: Մեկ տարում չէին կարող կարդինալ փոփոխություններ գրանցվել: Շատերին թվում է, թե երկրի բարեկարգման հարցը մեկ հոգու ուսերին պետք է լինի: Ո՛չ: Ամեն մեկի քրտնաջան աշխատանքի արդյունքում է երկիր կառուցվում:

Դա բոլորիս անելիքը պետք է լինի, թե չէ մարդիկ գնում են ապրելու բարեկեցիկ երկրներում, որտեղ խնդիրները քիչ թե շատ լուծված են, եւ իրենց թվում է, թե իրենք են այդ ամենը ստեղծել, դա էլ քիչ է՝ քթները տնկած` Հայաստանի խնդիրներին են նայում: Նկատելի է նաեւ, որ այն զանգվածը, որի համար նախկին ռեժիմը շատ հարմարավետ էր, հիմա խուճապի է մատնվել, քանի որ իրեն վտանգ է սպառնում թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Հիմա օրենքը տարածվում է բոլորի վրա, իսկ այդ մարդիկ դրանից խուսափում են եւ վախենում, ուստի ամեն կերպ փորձում են վարկաբեկել այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:

-Այս իշխանությունն էլ, անշուշտ, ունի խոցելի կետեր: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենացայտունը:

-Իհարկե ունի: Չի կարելի ամեն ինչ ջնջել եւ սկսել զրոյից: Չի կարելի ավագ սերնդին անտեսել եւ ամեն ինչ փոխանցել երիտասարդներին: Եթե սա դառնա աշխատաոճ, մեծ սպառնալիք կհանդիսանա նախ եւ առաջ բարոյականության հաստատման համար: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք ունեն արժանիքներ՝ անկախ այն բանից, թե ով է երկրի ղեկավարը: Այդ մարդկանց նկատմամբ պետք է ուշադիր լինել, ոչ թե համարել, որ նրանք նախկին ռեժիմի ներկայացուցիչ են, եւ դրանով ամեն ինչի վրա խաչ քաշել: Անթույլատրելի է բոլորին բաժանել մերոնքականների եւ ոչ մերոնքականների:

-Եվ վերջում՝ ինպե՞ս եք գնահատում ներկայիս իշխանության մշակութային քաղաքականությունը, մոտեցումը արվեստի հետ կապված խնդիրներին:

-Վերջիվերջո, պետք է տարբերել թացը չորից: Առայժմ ես դա չեմ տեսնում: Փոխարենը առկա է ըմբոստություն մշակույթի մարդկանց շրջանում, որովհետեւ նրանք, ովքեր կառավարում են ոլորտը, խնդիրներին թերապեւտիկ լուծումներ տալ չեն կարողանում: Չի կարելի «հռեկոպալի» հարցեր լուծել: Ես չեմ ասում, որ իրենց բոլոր արարքների բովանդակությունն անտրամաբանական է, բայց ամեն ինչին ձեւ կա: Մշակույթի մարդկանց, խնդիրներին հարկավոր է էսթետիկ մոտեցում ցուցաբերել: Հատկապես հայ արվեստագետը շատ էմոցիոնալ է: Այն լոզունգը, թե մեր դեմքը մեր մշակույթն է, շահարկում են բոլոր ղեկավարները. հիմա ժամանակն է, որ այդ դեմքը վերջապես ի հայտ գա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս