ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՆԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից սկսվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա, որը երեկ ամփոփվել է Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմամբ եւ աշխատանքային ճաշով: Այդ այցը խիստ կարեւորվում է ինչպես արցախյան հակամարտության կարգավորման, այնպես էլ մեր երկրի հետ կապված ապագա զարգացումների իմաստով: Հայտնի է, որ վերջերս ավելի շատ է խոսվում, թե ԼՂՀ հարցում համանախագահող երեք երկրներից Ռուսաստանին տրված նախաձեռնողական քաղաքականություն վարելու` նախագահների հանդիպումները կազմակերպելու քարտ-բլանշը, հնարավոր է, փոխանցվի  Ֆրանսիային:   Ակնհայտ է, որ  ոչ միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման, այլեւ աշխարհում ընթացող բոլոր գործընթացների տեսանկյունից` պաղեստինյան, իսրայելա-թուրքական, թուրք-իրանական խնդիրները ներառյալ, Անդրկովկասը դառնում է պայքարի թատերաբեմ: Արեւմուտքի ֆրանսիական ուղղությունը պայքարում է ոչ միայն այստեղ, այլեւ ամբողջ տարածաշրջան մտնելու եւ ակտիվանալու համար: Իրավիճակը հատկապես հետաքրքիր է նրանով, որ հիմա Ռուսաստանը, որը մշտապես գործոն է եղել շատ հարցերում, դարձել է «գորշ  ձիուկ»` Պուտին-Մեդվեդեւ նոր տանդեմով: Այսինքն` աշխարհի համար ակնհայտ է, որ չնայած անձինք նույնն են մնացել, բայց ուղղությունը փոխվում է: Ասվածի վկայություն է նաեւ նեղ շրջանակներում «Վաշինգթոնի  մարգարե» տիտղոսին արժանացած ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությունը: Մի բան, որ ոչ հեռավոր անցյալում ուղղակի ֆանտաստիկայի ժանրից կարող էր թվալ: Կարելի՞ է ենթադրել, որ մեր տարածաշրջանի համար մղվող պայքարում հակադրության մեջ է մտնելու Ռուսաստանի նորացված եւ Արեւմուտքի «հնեցված» կուրսը: Անշուշտ: Բայց թե ով, ինչպես, ապագան ցույց կտա: Սակայն երեկ առավոտյան Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների, ապա կեսօրին ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայեի եւ վերջապես Նիկոլա Սարկոզիի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասների վերաբերյալ սուղ եւ գրեթե ոչինչ չասող լրատվությունից այս իմաստով կարելի է առանձնացնել 3 կետ.1. Նիկոլա Սարկոզիի այն շեշտադրումը, որ «Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվում  են բարեփոխումներ»:2. Այն, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան երկրորդն է, սակայն ներդրումների ծավալները՝ կարող են ավելանալ:3.  Սերժ Սարգսյանի այն համոզմունքը, որ «Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ  հարաբերությունների զարգացման ճանապարհին»:Հիմա. կարելի՞ է վերը նշվածից եզրակացնել, որ Արեւմուտքը հստակ նպատակ ունի կրկին վերադառնալ տարածաշրջան, այստեղ ուժեղացնել ֆրանսիական կողմնորոշվածության առաջընթացը: Իհարկե: Սակայն դրա համար պետք է լուծվեն խնդիրներ, եւ առաջին հերթին` ղարաբաղյան հարցը, որպեսզի կայունության մասով խնդիրներ չլինեն: Ուստի ակնհայտ է, որ նման բարդագույն  իրավիճակում Ֆրանսիայում Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի խոսակցությունը կարող էր վերաբերել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլեւ հայ-թուրքական հարաբերություններին: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պետք է մտնի կոնկրետության դաշտ եւ հստակ երաշխիքներ տա, թե կոնկրետ ինչ քայլեր է անելու: Այս իմաստով Սերժ Սարգսյանի այցը կարելի է համարել որպես այց, որը տեղավորվում է «ապագա գործողությունների ծրագրում», որոնց «ձայնը դեռ կլսենք»:Հ.Գ. Ճակատագրի հեգնանքով Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարեց Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորության մասին, եթե Իրանն իր ատոմային ծրագրերից չհրաժարվի:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս