ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելորդ քաշ ունեցող մարդիկ կորոնավիրուսով վարակվելու ռիսկային գոտում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում): Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե’ աշխարհում և թե’ Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում  ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2):

  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն:
  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից <25 է, ապա ձեր քաշը նորմայի սահմաններում է:
  • Եթե ձեր BMI- ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ:
  • Եթե ձեր BMI- ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում:

Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելին է ավելի, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն: Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ’Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս