Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի) մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան:
Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։