ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՇՐՋԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 16-ի դրությամբ  Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 կուսակցություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այդ թվի մեջ են մտնում նաեւ «Ադեկվադ», «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները, որոնք պետական գրանցման մասին դիմում են ներկայացրել 2020 թվականին եւ ստացել պետական գրանցում: Բացի այդ, 2021 թվականին պետական գրանցման դիմում են ներկայացրել «Արդարություն եւ հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, որոնք ստացել են պետական գրանցում: Այսինքն՝ Արդարադատության նախարարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում չկա կուսակցություն, որը դիմել է պետական գրանցում ստանալու համար եւ սպասում է դրան: Համեմատության համար նշենք, որ  2016 թվականին Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը 71-ն էր:

 

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ առաջիկայում տեղի են ունենալու մի քանի կուսակցությունների հիմնադիր համագումարներ: Օրինակ՝ ապրիլի 23-ին տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության համագումարը: Նշենք, որ այս կուսակցության սկզբնաղբյուրն արցախյան է, որի նախագահը Սամվել Բաբայանն է: Այսինքն՝ վերջինս նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաեւ Հայաստանում եւ մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ թերեւս մինչ այդ այլ կուսակցություններ եւս կդիմեն պետական գրանցում ստանալու համար, քանի որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրանցում ստանալիս անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Սակայն հետաքրքիր է, որ չնայած այդ 91 կուսակցություններից քչերն են ակտիվ, եւ շատերը մարդ-կուսակցություններ են, սակայն դա չի խանգարում, որ ընթացքում նորերը ստեղծվեն: Դրանց մի մասի գրասենյակները հիմնականում կողպված են, հեռախոսներն էլ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ պատասխանելիս էլ հեռախոսավարուհիներն ազդարարում են՝ ղեկավարությունից մարդ չկա, որ մեր հարցերին պատասխանի։

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝  կուսակցությունը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ: Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 100 հիմնադիր:  Իսկ, ահա, 27-րդ հոդվածն էլ սահմանում է. «1. Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: 2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»: Այս մասով, սակայն, վերահսկողություն չի իրականացվում: Այսինքն՝ այսքան կուսակցություններ կան գրանցված, սակայն նրանց գործունեությունը չի երեւում, եւ հաշվետվություններ գործունեության մասին չկան:

Հավելենք, որ այս պահին պետական գրանցման համար դիմում են ներկայացրել  եւ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են գտնվում  2 կուսակցություններ՝  «Արեւ»  եւ «Իմ Հայաստան» կուսակցությունները։

Ն.Հ.

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը եւ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարեւորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

 

 

 

ԿԱՐԳ ԵՆ ՍՏԱՑԵԼ

«Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած հազար անձի հաշմանդամության կարգ է տրվել»,- խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին` հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Ըստ նախարարի՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մոտ է դրան։ «Մոտավորապես, արդեն ունենք պատկեր՝ ծանր վիրավորում ստացած քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500, խոսքը վերաբերում է առաջին եւ երկրորդ հաշմանդամություն ունեցող անձանց, որից առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներինը մոտ 150-ի սահմաններում է, որից ամպուտացված անձինք, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, մոտ 120-ի շրջանակներում է։ Իսկ ավելի թեթեւ վիրավորում ստացած անձինք, որոնք կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, այդ անձանց թիվն այս պահին 500 է», – ասել է նա:

 

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Այն ընդունվեց ձայների 76 կողմ, 40 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչեւ 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչեւ 3 մլն դրամ։ Առաջին ընթերեցման ժամանակ ավելի բարձր փոխատուցման չափեր էր սահմանվել. առաջարկվում է վիրավորանքի համար 1 միլիոնի փոխարեն մինչեւ 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 միլիոն դրամ փոխհատուցում։ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ երկրներին։

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներն այս օրերին  պատրաստվում են կիրակի՝ մարտի 28-ին կայանալիք հանրահավաքին: Ըստ մեր տեղեկությունների՝ շարժումը նպատակ ունի այդ օրն ապահովել բազմահազարանոց հանրահավաք, որպեսզի իշխանություններին ցույց տան, որ իրենք ժողովրդի կողմից վստահություն են վայելում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Բացի այս, լիդերների վերջին հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ բացի այդ օրը կայանալիք հանրահավաքից, իրենք նաեւ ընթացքում կշարունակեն իրենց նախկին ոճը, փողոցներ կփակեն, փոքրիկ ակցիաներ  կիրականացնեն: Սակայն, մեր տեղեկություններով, շարժումը ընտրություններին գնալու ձեւաչափ դեռ չունի, եւ հենց սա է դարձել լիդերների քննարկման գլխավոր թեման:

Մասնավորապես, վերջին հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ հանդիպմանը շատ նեղսրտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է փողոցային պայքարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն ու Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով:

 

 

 

ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Արսեն Մկրտչյանի օգտին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, Արմեն Հայկյանցի օգտին՝ 11։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փակ քվեարկության ժամանակ հետաքրքիր դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ քվեաթերթիկներից երկուսի վրա հայհոյանք է գրված եղել թեկնածու Արսեն Մկրտչյանի հասցեին, իսկ մեկն էլ քվեաթերթիկի վրա գրել էր «վնգստացող դատավոր»: ArmLur.am-ը գրել էր, որ Արսեն Մկրտչյանին ընտրելու որոշումը վաղուց էր կայացվել. վերջինս անգամ ճաշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան հավատարիմ լինելու երդում տվել:

 

 

 




Լրահոս