ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով. այս մասին նշել է Արտգործնախարարության լրատվական ծառայությունը՝ հրաժարվելով, սակայն, նշել որեւէ ժամկետ, թե ուղեւորահոսքի համար մոտ մեկ տարի փակված հայ-վրացական ցամաքային սահմանը երբ կբացվի։

 

Ի տարբերություն ուղեւորափոխադրումների՝ հայ-վրացական ու հայ-իրանական ցամաքային սահմանով բեռնափոխադրումները անխափան իրականացվել են կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան երեկ հայտարարեց, թե իր երկրի կառավարությունը քննարկում է Վրաստանի ցամաքային սահմանների բացման հնարավորությունը։ Քովիդի պատճառով Թբիլիսին իր ցամաքային սահմանները փակեց անցած տարվա մարտից։ Այս տարվա փետրվարից Վրաստանը սկսել է աստիճանաբար բացել օդային սահմանները մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայության պայմանով։ Նպատակը զբոսաշրջության ծավալների վերականգնումն է։ Տուրիզմը վրաստանյան տնտեսության առանցքային ճյուղերից է։ Այդ երկրի վիճակագրական ծառայության համաձայն՝ եթե 2019-ին Վրաստան է այցելել ավելի քան 9 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ապա 2020 թվականին՝ մոտ 1,5 միլիոն կամ ավելի քան 83 տոկոսով պակաս։

Հայ-վրացական ցամաքային սահմանի վերաբացմանը անցած չորեքշաբթի՝ մարտի 24-ին, Ազգային ժողովում անդրադարձել է արտգործնախարար Արա Այվազյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց բարձրացրեց, թե Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման նպատակով ինչ քայլեր են ձեռնարկվում։

«Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ, անցած շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ փոխարտգործնախարարների մակարդակով, եւ քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որ բարձրացրել եք: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունը ունի, բայց նաեւ առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք, վստահ եմ, որ արագ լուծման են ենթակա», – ընդգծել է Այվազյանը:

Հայաստանը իր ցամաքային սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար վերաբացեց այս հունվարից, օդային սահմանը վերաբացվել էր ավելի վաղ՝ անցած տարվա օգոստոսից։ Արդյունքում, օրինակ, Իրանից մարդիկ հնարավորություն ստացան ցամաքային սահմանով մուտք գործել Հայաստան, իսկ Վրաստանից՝ դեռեւս ոչ, որովհետեւ սահմանը վրացական կողմից շարունակում է փակ մնալ։ Հայաստանի պարագայում Վրաստանի հետ ցամաքային սահմանի փակ լինելը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, քանի որ, օրինակ, դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա ու բազմաթիվ այլ երկրներ եւ հակառակ ուղղությամբ ուղեւորահոսքի մի զգալի մասը անցնում է Վրաստանով։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ հայ-վրացական ցամաքային սահմանի վերաբացումը իրականում անհրաժեշտ է երկու երկրներում զբոսաշրջության ծավալների արագ վերականգնման համար։ «Եթե մենք կարողանանք ունենալ բաց ցամաքային սահման Վրաստանի հետ, դա ոչ միայն երկու երկրների միջեւ կապն է եւ այցելությունը, այլ ընդհանրապես աշխարհից, համաշխարհային շուկայից համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքով զբոսաշրջիկներ ունենալն է», – ընդգծել է Մ.  Ապրեսյանը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անցած տարի՝ 2019 թվականի համեմատ, օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է ավելի քան 80 տոկոսով. եթե 2019-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար զբոսաշրջիկ, ապա անցած տարի՝ 375 հազար։ Զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը անկում է ապրել 85,7 տոկոսով։ Օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կանխատեսեց, թե այս տարի զբոսաշրջության ոլորտում աճը կկազմի 319 տոկոս։

«Իսկ եթե հաշվի առնենք, որ 375 հազար այցելություն ենք ունեցել՝ ներգնա զբոսաշրջային այցելություն, 20 թվականին, դա նշանակում է 1-2 միլիոնի հասցնել այս տարվա՝ 2021 թվականի զբոսաշրջային այցելությունները: Եթե հաշվի առնենք, որ 19 թվականին դա եղել է շուրջ 1,9 միլիոն՝ 1 միլիոն 894 հազար, ըստ էության, դա նշանակում է կեսից մի փոքր ավելի, հասնել, ձգտել գոնե, բայց իհարկե, դեռեւս չհասնելով 19 թվականի ցուցանիշին: Դա լիովին իրատեսական է, եթե աշխատենք», – ասել է Մեխակ Ապրեսյանը:

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԸ ՊԱՐՏՎԵԼ ԷՐ ՀՅԴ-ԻՆ ՈՒ ԲՀԿ-ԻՆ

Նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հզորացնել թիմը եւ աշխատել հատկապես այն տարածքների ուղղությամբ, որոնցում խնդիրներ են ունեցել 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

Բանն այն է, որ որքան էլ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն աննախադեպ հաղթանակ տարավ, սակայն եղել են համայնքներ, որտեղ, որքան էլ զարմանալի է, Փաշինյանի թիմը պարտվել է: Եվ հիմա նա հրահանգել է կենտրոնանալ հենց այդ համայնքների վրա, սակայն այս անգամ էլ դժվարություններ կլինեն, քանի որ այդ համայնքների ղեկավարները շարունակում են մնալ նախկին իշխանությունների ներկայացուցիչները:

Իսկ հիմա խոսենք փաստերով: Գեղարքունիքի մարզն ընդգրկող 20/16 ընտրատարածքի թվերն ամենախոսունն են: Իրավիճակն ուշագրավ է նաեւ այլ տեսանկյունից: Նախ՝ նշենք, որ այստեղ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 182 ձայն այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ստացել է 664 ձայն: Այս ընտրատարածքը Գեղամավան համայնքինն է, որտեղ համայնքի ղեկավարը Վաչիկ Սաղաթելյանն է՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. ոչ մի այլ ՀՅԴ թեկնածու այս ընտրատարածքում ձայն չի ստացել, այսինքն՝ բոլոր ընտրողները իրենց ձայնը տվել են Իշխան Սաղաթելյանին: Իսկ, ահա, իշխող դաշինքի թեկնածուներից այստեղ ամենաշատ՝ 68 քվե ստացել էր Վարազդատ Կարապետյանը, որն այժմ այլեւս չի հանդիսանում այս թիմի անդամ: Եվ հիմա ակնհայտ է, որ այս տարածքում իշխող ուժը կրկին խնդիր է ունենալու:

Իշխող ուժը կարող է խնդիրներ ունենալ նաեւ Կոտայքի մարզի մի քանի համայնքներում, ինչպես 2018 թվականի ընտրությունների ժամանակ: Այստեղ Աբովյան քաղաքի եւ մի քանի այլ համայնքների պարագայում քվեների մեծ մասը ստանում է ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը: 2018 թվականին թվերը բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 664 ձայն՝ ԲՀԿ, 243 ձայն՝ «Իմ քայլ», 428՝ ձայն ԲՀԿ, 150 ձայն՝ «Իմ քայլ»: Իսկ քանի որ ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությունների եւ հենց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ապա այստեղ եւս կարող են խնդիրներ լինել:

Շիրակի մարզի Սարատակ եւ Հայրենյանց համայնքներում եւս առավելություն են ունեցել ՀՅԴ-ականները: Սարատակում 222 ձայն է ստացել ՀՅԴ-ն, իսկ 201 ձայն՝ «Իմ քայլ»-ը: Իսկ Հայրենյանց համայնքում 166 ձայն է ստացել ՀՅԴ-ն, եւ 139 ձայն՝ իշխող դաշինքը: Չնայած այստեղ ձայների տարբերությունը չնչին է, սակայն, ամեն դեպքում, դեռ հեղափոխությունից հետո այստեղ իշխող ուժը խնդիրներ ունեցել է:

Ն.Հ.

 

 

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ  ՁԳՁԳՎՈՒՄ Է

Մ6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագիրն իրականացվում է 2 փուլով՝ Վանաձոր-Թումանյան (38,45կմ) եւ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ)։ Ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ. սեպտեմբերին, այդ ճանապարհահատվածը հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել 2018թ. դեկտեմբերի 24-ին։  Ծրագրի 2-րդ  փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ. մայիսի 29-ին։ Այդ փուլի կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն,«ԱԱԲ Պրոեկտ» կազմակերպությունը եւ «Սուարդի» ԲԸ-ն։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածի կառուցապատումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10.14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: Տեխնիկական  հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ եւ Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը:

Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտն ի սկզբանե  նախատեսվում էր 2020թ. նոյեմբերին։ Նախկինում դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի կառուցապատվող ավտոճանապարհների եզրին տեղադրվեն ցուցապաստառներ, որտեղ նշվում են  ճանապարհի այդ հատվածի կառուցապատման պատվիրատուն, կապալառուն, ենթակապալառուն, ծրագրի ֆինանսավորողը, աշխատանքների սկզբի եւ ավարտի ժամկետները։ Այրում համայնքից  տեղեկացա, որ Այրում  համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանից մինչեւ Բագրատաշենի մաքսակետ հատվածում ճանապարհի կառուցապատման աշխատանքները կիսատ են դեռեւս  2020թ. աշնանից։ Նմանապես աշխատանքներն անավարտ են, չեն շարունակվում Այրումի ջրհան կայանների նախկին վարչական շենքի խաչմերուկից   մինչեւ  Այրում քաղաք հատվածում։ Այդ աշխատանքները պետք է իրականացնի «Սուարդի» ընկերությունը, որը վերոհիշյալ ավտոճանապարհի այլ հատվածներում եւս աշխատանքներ է կատարում։ Վարորդները դժգոհում են, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի   հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագրի 2-րդ փուլը 2018թ. է սկսվել, սակայն ճանապարհի որոշ հատվածներ հողապատ են, դժվարանցանելի։

Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ապրանքներ ներկրող մեծ բեռնատարների վարորդները, խուսափելով Մ6 ավտոճանապարհի վատթար վիճակից, գերադասում են Երեւան  հասնել առանձին հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ձգվող, այդ պատճառով վտանգավոր, սակայն ավելի բարեկարգ Արում-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս