ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՂԵՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը ԱՄՆ-ի կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը։

 

Նա անդրադարձել է Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին եւ ընդգծել, որ Իսրայելը եւ շատ այլ երկրներ չեն ընդունել եւ նույնիսկ հրաժարվել են ճանաչել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրագործված Հայոց ցեղասպանությունը։

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին եւ սպառնացել է, եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Ի սկզբանե Իսրայելը քաղաքական առումով չէր կարող գնալ այդ քայլին։ Իսրայելը խիստ ապավինում էր Թուրքիային՝ որպես մուսուլման երկիր, որի հետ համագործակցում էր եւ ուներ դիվանագիտական հարաբերություններ, սակայն արդեն տասնամյակներ է՝ բռնապետ ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան ակնհայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ։ Բացի այդ, Թուրքիան աշխարհաքաղաքականորեն գնալով ավելի է մերձենում Իրանի հետ»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով. «Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից՝ հատկապես արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր դավաճանեց հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»։

Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Շրադերը նշում է՝ քառասուն տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն առաջինն էր, որ օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրագործված ոճրագործությունները նկարագրելիս օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, ինչը կարեւոր քայլ էր Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին, որը սակայն առկախվեց թուրքերի բարձրացրած սկանդալից հետո։ Նույնկերպ ԱՄՆ-ի նախագահները տարիներ շարունակ թուրքերի թշնամանքին չարժանանալու համար խուսափել են օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. նշում է հեղինակը։  Նա նաեւ ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն աշխարհում թերեւս ամենասարսափելի ցեղասպանությունն էր, եւ դա տեղի է ունեցել ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին»։

Նա բացարձակապես անտրամաբանական է համարել այն փաստը, որ շատ երկրներ մինչ օրս թույլ են տալիս Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ստիպելով նրանց հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննել է նրանց, ովքեր երկրի ներսում ճանաչել են ցեղասպանությունը, եւ անգամ ոչնչացրել է ապացույցները: Նախկինում այդ երկրի իշխանություններն անգամ բանտարկել են ակադեմիկոսների, ովքեր համարձակվել էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:

Մինչ Հոլոքոստի ժխտումը համարվում է հակաօրինական, Թուրքիան հակաօրինական է դարձրել Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ ամբողջ աշխարհը մեղսակից է դրան, քանի որ թույլ է տալիս այդպես վարվել։ Եթե առաջին իսկ օրվանից աշխարհի անգամ փոքրաթիվ գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այսօր մենք կապրեինք միանգամայն այլ իրականության մեջ, որտեղ ավելի փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստերը:

Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- եզրափակել է հոդվածը Շրադերը:

 

 

 

750 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 30-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 750 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 847 475, վերջին մեկ օրում` 4658 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14 499 պացիենտ. մեկ օրում ավելացել է 212-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 172 609 անձ, վերջին մեկ օրում՝ 513 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 3497 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:

 

 




Լրահոս