ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել` մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչին մրցույթում «հաղթանակ» պարգեւելու համար»,-այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը: Այն, որ սահմանամերձ Ճամբարակի շրջանն ամենաաղքատ բնակավայրերից է, բոլորին է հայտնի, բայց պարզվում է, որ մեր երկրում կան պաշտոնյաներ, այս դեպքում բարգավաճ Հայաստան կառուցող, որոնց չի հետաքրքրում, թե մարդիկ որտեղից գումար կգտնեն` կաշառք տալու համար: Գլխավորը՝ գումարը մտնի իրենց գրպանը: Փոխանակ այնպիսի պայմաններ ստեղծեն, որ ուսուցչի պակաս ունեցող գյուղերում մարդիկ սիրով աշխատեն, դեռ մի բան էլ կաշառք են պահանջում: Երբ այս մասին «Ժողովուրդ»-ը հարց տվեց ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանին, վերջինս ասաց, թե նման բան չի կարող պատահել, իսկ եթե եղել է, թող մեղավորը պատժվի:  Ստացվում է, որ ԲՀԿ-ն իր մարզպետի գործողությունների համար պատասխանատու չէ:




Լրահոս