ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՓԱԿԵԼՆ Է ՍՏԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հարկային բեռի ծանրության խնդիրը հրատապ է բոլոր ժամանակներում: Չնայած վերջին տարիներին դրա թեթեւացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այն այսօր երբեմն գերազանցում է 65 տոկոսը: Ավելացրած արժեքի հարկը 20 տոկոս է, սոցիալական վճարները` 15, հարկվում են եկամտահարկ, շահութահարկ եւ այլն: Ընդհանուր առմամբ, խոշոր ձեռնարկություններից գանձվում է մինչեւ 15, փոքրերից ու միջիններից` 8-9 հարկատեսակ: Դրանց կոնկրետ թիվը կախված է  ձեռնարկության գործունեության ոլորտից:Համեմատության համար նշենք, որ, ասենք, Վրաստանում ներկայումս գոյություն ունի 5 հարկատեսակ: Մեզ մոտ ստուգումներ կարող է իրականացնել 18 կառույց, Վրաստանում` շուրջ մեկ տասնյակով ավելի պակաս: Սակայն այս վիճակը Վրաստանի բյուջեի վրա չի ազդում. հարկային եկամուտները հետզհետե աճում են:Գործատուները նշում են, որ մեր երկրում հարկային բեռը ծանր է. այն փոքրիշատե պարզեցված է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Նախ` 58.5 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվել են ստուգումների հիմնական մասից: Դրանցում միայն հարկային, սննդի անվտանգության եւ տեխնածին վտանգավորության տեսչական ստուգումներ կարող են  իրականացվել: Մինչեւ 78 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունն ազատվում է ԱԱՀ վճարումից, իսկ 300 մլն դրամ սարքավորում ներմուծելու կամ 1 մլն դրամ ներդրում կատարելու դեպքում 3 տարով հետաձգվում է ԱԱՀ վճարումը: Կոնկրետ ոլորտներում գործում են տարբեր արտոնություններ: Ասենք` տպագիր լրատվամիջոցները ԱԱՀ չեն վճարում:Գործարարների կարծիքով` Հայաստանում ստվերի մեծ տոկոսը եւ կոռուպցիայի մակարդակը հենց հարկային բեռի ծանրության վկայությունն են: Բիզնեսը ստվերից գուրս կգա միայն հարկային բեռի նվազեցման, ստուգումների քանակի կրճատման դեպքում: Նման տեսակետ է հայտնում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ գործարար միջավայրի արագ բարելավման հույս հայտնում:Չնայած դրան, հայաստանյան որոշ տնտեսագետներ կարծում են, որ Հայաստանի տնտեսության համար ոչ այնքան չարիք է հարկային ծանր բեռը, որքան բիզնես միջավայրը: Օրինակ` «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասում է. «Մեր հարկային օրենքները նորմալ են, եւ հարկային բեռն ավելի ծանր չէ, քան Վրաստանում: Պարզապես այն միջավայրը, որտեղ աշխատում են մեր ձեռներեցները, տարբերակված մոտեցումներ չկան, թե ում ինչքան թթվածին է պետք շնչելու համար, այդ պատճառով էլ մարդիկ ստիպված են լինում փակել բիզնեսը»: Նա նշում է, որ հարկավոր է  տարբերակված մոտեցում ցուցաբերել խոշոր, միջին եւ մանր բիզնեսի նկատմամբ: «Դա չի նշանակում, իհարկե, խոշորին նեղել, բայց եթե փոքրն արտադրություն է դնում, որը շատ պետք է մեր երկրի կայացմանը, ուրեմն նրան պետք է որոշ արտոնություններ տրվեն: Մեզ մոտ օրենքի առջեւ բոլորը հավասար չեն»:Տնտեսության զարգացման ու հարկային եկամուտների կայուն աճ ապահովելու համար հարկավոր է ոչ թե փակուղու առաջ կանգնեցնել գործարարին, որ կա՛մ փակի իր բիզնեսը, կա՛մ արտասահման տեղափոխի, այլ ստեղծել աշխատելու ու զարգանալու նորմալ պայմաններ: Միայն ձեռնարկությունների կայացումից հետո նրա ուսերին կարելի է թողնել հարկային ողջ բեռը: «Կարծում եմ, որ կառավարությունը պետք է մտածի եւ ստեղծի ազատ տնտեսական գոտիներ: Այդ մասին ես 20 տարի է` խոսում եմ: Ազատ գոտիներում հարկեր չեն գանձվում, եւ թույլ է  տրվում, որ մարդիկ կայանան, բիզնեսն ընդլայնվի, հետո նոր մտնեն  հարկային դաշտ: Այս դեպքում  աշխատատեղ է բացվում, սոցիալական խնդիր է լուծվում, ապրանքներ են արտադրվում, արտահանումն է խթանվում, եւ այս ամենը հավասարակշռում է այն հարկերը,  որ կարող էին գանձվել»,-արդեն մի քանի անգամ հայտարարում է Թաթուլ Մանասերյանը:Երկու կողմերն էլ համամիտ են մի բանում. հարկերի ծանրությունն անմիջապես ազդում է նաեւ ապրանքների գնի վրա: Այնպես որ, խելամտորեն բաշխելով հարկերը` իշխանությունները կարող են միանգամից երկու նապաստակ սպանել` խթանել տնտեսության զարգացումը եւ ազդել գնագոյացման վրա:ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ




Լրահոս