ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանուշ Խանամիրյանի մահվանից օրեր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: «Վա՜յ, բալի՛կ ջան, ես շատ զգացված եմ, որ բոլորդ զանգում, հետաքրքրվում եք, թե Վանուշը ոնց ա, բայց որ ճիշտն ասեմ, էդքան էլ լավ չեմ: Դե նոր են վիրահատել: Հիմա էլ դեղեր եմ ընդունում: Ուզո՞ւմ ես, հեռախոսով հարցերդ տո՛ւր կամ էլ սպասի՛ ես լավանամ, կգաս մեր տուն, մի կարգին, մեծ հարցազրույց կանենք»,-ասաց պարոն Խանամիրյանը: Մենք, իհարկե, առիթը բաց չթողեցինք եւ հեռախոսով զրուցեցինք վարպետի հետ: Ցավոք, հոկտեմբերի 5-ին մեր սիրելի Վանուշ Խանամիրյանը 83 տարեկան հասակում հեռացավ կյանքից: Նոյեմբերի 5-ին  կբոլորեր պարարվեստի լեգենդի 84-ամյակը: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին նրա մոտ ծագել էին լուրջ սիրտանոթային խնդիրներ, ինչի պատճառով տեղափոխվել էր 3-րդ հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները սիրտանոթային համակարգում տրոմբ էին հայտնաբերել: Մինչ մեր ընթերցողին կներկայացնենք Վանուշ Խանամիրյանի վերջին հարցազրույցը, հիշեցնենք նրա կյանքի որոշ մանրամասներ:Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին: 1941-ին ավարտել է Երեւանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Ի դեպ, Երվանդ Քոչարը Սասունցի Դավիթ արձանի դեմքը կերտել է «Սասունցի Դավիթ» բալետում Վանուշ Խանամիրյանի խաղացած կերպարից: 1968 թվականից Վանուշ Խանամիրյանը նշանակվել է պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստեր եւ գեղարվեստական ղեկավար: Ժողովրդական արտիստ էր, բազմաթիվ մրցանակների եւ շքանշանների դափնեկիր: Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր: Ի դեպ, Վանուշ Խանամիրյանը շատ էր սիրում իր կնոջը` Վիկտորյային, ով նույնպես պարուհի է եղել: «Իմ Վիկտորյան ա ինձ խնամում, ա՛յ հիմա էլ կողքս նստած ա, ուշադիր նայում ա: Իմ աղջկա ցավը տանեմ, նա էլ ահավոր ուշադիր ա: Մայր ու աղջիկ խառնվել են, որ ես հիվանդացել եմ: Ասում եմ` լավ կլինի, էդքան մի՛ մտածեք, հեսա ոտքի կկանգնեմ»,-այսպես արտահայտվեց մեր վերջին զրույցի ընթացքում պարի վարպետը: -Պարո՛ն Խանամիրյան, Դուք մեծ վաստակ ունեք պարարվեստի ոլորտում, Ձեր դերն, իսկապես, անգնահատելի է:-Բալի՛կ ջան, Վանուշը ինչ անում ա, սիրով ա անում: Ես Հայաստանի պարարվեստի գործիչների միության նահագահն եմ: 60 պարի կոլեկտիվ կա իմ ձեռքի տակ: Մեր մարզերում էլ կան լավ կոլեկտիվներ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Բոլորն էլ իմ զավակներն են:-Ի՞նչ կասեք մերօրյա պարարվեստի մասին: -Կան կոլեկտիվներ, որ այսօր ծաղկունք են ապրում: Դա «Բարեկամության» անսամբլն է, մեր պարի պետականը: Ես 24 տարի պարի պետական անսամբլի ղեկավարն եմ եղել: Գիտես` ի~նչ համերգներ ենք ունեցել, ի~նչ երկրներ ենք գնացել ու ամեն տեղ մեր մշակույթը բարձր պատվով ենք ներկայացրել:  -Այսօր պետական անսամբլներում պարողների մեծ մասը դժգոհ է իր աշխատավարձից, շատ քիչ են վարձատրվում:-Սովետական Միության ժամանակ էլ էր նույնը, էլի քիչ էին վարձատրվում: Ուղղակի հոգի կար, էնտուզիազմ, ամեն ինչ անում էինք: Պարի պետական անսամբլի պարողներն ուրիշ ոչ մի գործ ման չէին գալիս, իսկ հիմա այդ նույն պարողը մի 10 տեղ վազում է, որ փող հայթայթի, որ կարողանա ապրել:-Գիտեմ, որ բազմաթիվ աշակերտներ ունեք, որոնք այսօր դպրոցներ են բացել աշխարհով մեկ: Նրանց հետ կապ ունե՞ք, Ձեզանից խորհուրդ հարցնո՞ւմ են:-Ոչ թե միայն խորհրդի կարգով, այլ նաեւ հրավիրում են Նյու Յորք, Մարսել, Լիոն, Փարիզ, էնտեղ իմ աշակերտներն ունեն իրենց պարի խմբերը, ես էլ գնում եմ, կիսվում իմ փորձով: Այնքա~ն լավ զավակներ ունեմ:  Հիմա ես «Բարդիներ» խումբ ունեմ, որտեղ 22 աղջիկ է պարում: Իմ աղջիկն էլ է դասավանդում, համերգ ենք տվել Գյումրիում, Եղեգնաձորում, Գավառում, ժողովուրդը ոտքի վրա էր մեզ ընդունում: Ես ուզում եմ, որ էդ էրեխեքը մեծ նվիրումով անեն ամեն ինչ, ոնց որ ես եմ արել այս տարիների ընթացքում: Ես խրվել եմ պարարվեստի մեջ, իմը պարն է: 83 տարեկան տղա եմ, իմ գործը պարն է: Մի քիչ տարիքս ա մեծացել, բայց հոգով նույն ջահել Վանուշն եմ: Էս հիվանդությունս ոտս կապում ա, չեմ կարողանում տնից դուրս գամ, գնամ, տեսնեմ էն իմ էրեխեքն ինչ են անում: -Առողջություն ենք Ձեզ մաղթում, հուսով ենք` շուտ կլավանաք:-Ես էլ եմ դա ուզում, էս պառկած վիճակից սիրտս նեղվում ա: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս