ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ վերջին հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը հերթական սկանդալային հայտարարությունն էր արել` նշելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է ուղարկելու օգոստոս ամսվա իր աշխատավարձը` «նրա ախորժակն ինչ-որ կերպ փակելու համար»: Պատգամավորը Մկրտումյանի եւ Վճռաբեկի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի մասին ասել էր նաեւ. «Նրանց  անձնական շահերից ելնելով է կայացվում դատական վճիռների մեծ մասը: Նրանց հրահանգին չենթարկվող դատավորները պարզապես ազատվում են աշխատանքից,  մանր գողություններն  ու խախտումները պատժվում են օրենքով, իսկ խոշոր գողությունների մեջ մեղավոր անձինք, ում խղճին է ծանրացած բանակում մեր զինվորների մահը, մնում են ազատության մեջ»:«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Սպարտակ Մելիքյանն ասաց, որ հերթով մերկացնելու է բոլոր համակարգերը:-Պարո՛ն Մելիքյան, հետաքրքրվե՞լ եք` Ձեր աշխատավարձը տեղ հասե՞լ է, Մկրտումյանն արդեն ստացե՞լ է գումարը: -Ես օգոստոսին նամակ եմ գրել ԱԺ նախագահին, որ իմ աշխատավարձն այսուհետ փոխանցեն Արման Մկրտումյանին, իսկ մնացածից տեղյակ չեմ: Ես դիմումը գրել եմ, մնացածն իրենց պրոբլեմն ա:-Իսկ ի՞նչ եք կարծում` քիչ չի՞ լինի իրեն, կհերիքի՞:-Ես էլ ասել եմ, որ մի քիչ գոնե կփակի էլի իրա ախորժակը:-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հակումը նման տիպի հայտարարություններին` կոռուպցիա, կաշառակերություն… նախկինում էլ նմանօրինակ մեղադրանքներ հնչեցրիք ՎՊ-ի հասցեին, սակայն հետո պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հաշտության պայմանագիր կնքեցիք:-Որովհետեւ այդ խնդիրներն արդեն շատ կարեւոր են դառնում եւ արդեն ազգային անվտանգության խնդիր են դառնում: Եւ լռել ոչ մի ձեւ ճիշտ չի լինի, ժամանակն է, որպեսզի ամեն ինչ իր անունով բարձրացվի, եւ էդ հարցերին լուծում տանք:-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Վերահսկիչ պալատի հետ հաշտություն կնքեցիք:-Դե Իշխան Զաքարյանն էն ժամանակ հայտարարեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ուղղակի դատարանից հայցը հետ կանչելու համար համաձայնագիր ենք գրել, բայց դա դեռ չի նշանակում, որ ես հրաժարվել եմ իմ ասածներից: Չեմ հրաժարվել, չէ՛:-Իսկ ի՞նչ գործով եք առնչվել դատական համակարգին եւ կոնկրետ Արման Մկրտումյանին կամ Դավիթ Ավետիսյանին: Թե՞ դատական համակարգի հատուկ մոնիթորինգ եք իրականացրել:-Անձնական որեւէ խնդիր չկա, իսկ մնացած բաները կասեմ մոտակա ժամանակներում` ասուլիսին: Ինչ վերաբերում է մոնիթորինգին, ես դատական համակարգն ընդհանուր եմ ասել, թե ինչ իրավիճակ է հիմա դատական համակարգում: Ես կարծում եմ, որ դատական համակարգը մեր երկրի ամենակարեւոր օղակն ա, եթե կայացած լինի անգամ Ազգային Ժողովի, կառավարության սխալները, տարբեր իշխանական ատյանների գործընթացները եւ որոշումները, մարդն իրավունք ունի իր սահմանադրական իրավունքները պաշտպանի դատարանի միջոցով: Դա պետք է պաշտպանվի դատական համակարգով, իսկ երբ դատական համակարգը չի գործում… արդեն պետությունը չի կարող գոյատեւել, անկախությունը` հաստատել: Եւ մեր դատական համակարգն անկախ չէ: Ես ասում եմ, որ պետք է մեր դատավորների համար ստեղծել էնպիսի պայմաններ, որ ամեն դատավոր իր խղճի առաջ կարողանա օրենքի սահմաններում արդար վճիռ կայացնել: -Իսկ Ձեզ հայտնի՞ է դատական համակարգում սահմանված կաշառքի չափերի մասին` որ գործով ինչքան, ինչ, ինչպես, ում կողմից: -Ժամանակը կգա, ես մի քանի կոնկրետ օրինակներ կբերեմ:-Իսկ եղա՞ն մարդիկ, պատգամավորներ, որ Ձեր ելույթից հետո մոտեցան Ձեզ եւ ասացին` «ինչ լավ ես ասում, Սպարտա՛կ» կամ հակառակը` խնդիրներ չունեցա՞ք:-Ես առայժմ ոչ մեկի հետ էլ էդ թեմայով չեմ խոսել: Իսկ խնդիրներ դեռ չունեմ եւ կարծում եմ` չեմ էլ ունենա:   -Պարո՛ն Մելիքյան, Դուք շատ եք լինում գյուղերում, չե՞ք տեսնում այնտեղի վիճակը. աղքատություն, արտագաղթ, մարդիկ համատարած լքում են երկիրը: Ինչո՞ւ մի հայտարարություն էլ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի դեմ չեք անում: -Ես հերթով, ում կգտնեմ հարմար ա, կասեմ: -Սպասե՞նք Ձեր կողմից մեկ այլ ոլորտի վերաբերյալ մի նոր հայտարարության:-Շատ հնարավոր ա:Հ.Գ. ԱԺ ընտրություննրի շունչը զգացվում է:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս