«ԱՐՔԱՅԱԿԱՆ» ԲԻԶՆԵՍՆԵՐԸ ԿՃՆՇՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ Հայաստանի լեռնահանքարդյունաբերական բոլոր խոշոր եւ միջին ընկերությունների, էներգետիկայի եւ բնական պաշարների կառավարման նախարարությունների աշխատակիցները, ֆինանսների նախարարն ու փոխնախարարը  կեսօրից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը փակվում են ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի առանձնասենյակում: Պարզվեց`  տող առ տող, հոդված առ հոդված քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքի եւ կից` «Բնապահպանական վճարների մասին» փոփոխությունների նախագիծը: Այն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հարկային փաթեթի մեջ է, որն առաջիկայում կառավարությունը կբերի խորհրդարան: Փաթեթն ամենալայն ամպլիտուդով` հանքարդյունաբերությունից մինչեւ ռեստորանային բիզնես, նախատեսում է հարկային բեռի ավելացում, որպեսզի կառավարությունը կարողանա հավաքագրել այն 0,6 տոկոսը կամ 100 միլիարդ դրամը, որը նախատեսված է 2012-ի պետբյուջեով:  Քանի որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի սկանդալային մեկնաբանությունից հետո (որ հազիվ թե այդ ցուցանիշը կատարվի) լուրեր կային այն մասին, որ բիզնեսատեր  պատգամավորները մեծ աղմուկ են բարձրացնում, թե «ո՞ւմ քթերից են բերելու» լրացուցիչ հարկերը, «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` արդյո՞ք նման դժգոհություններ չեն բարձրացրել նաեւ լեռնահանքարդյունաբերողները: Ինչպես պարզաբանվեց քննարկման մասնակիցներից մեկի կողմից, դժգոհություններ, հատկապես սկզբնական շրջանում, եղել են:  Սակայն նրանց պարզորոշ  բացատրվել է, որ նախընտրական տարում հարկերը պետք է ավելանան եւ հավաքվեն, մանավանդ, որ լեռնահանքարդյունաբերության ոլորտն էլ բիզնեսի այն ճյուղն է, որի շահութաբերությունը (պաշտոնական տվյալներով) 100 տոկոս եւ ավելին է կազմում: Այլ խոսքով, հասկացրել են, որ եթե 1-1,5 միլիոնով գնել են լեռներից ու ընդերքից տարիներ շարունակ միլիոններ կորզելու հնարավորությունը, թող բարի լինեն, ասենք, 10 միլիոն շահույթի փոխարեն բավարարվեն 8-ով: Մանավանդ, որ կառավարության ներկայացրած սկզբնական տարբերակը շատ ավելի վատն է եղել, քան այն, որի շուրջ կարծես ընդհանուր հայտարարի են գալիս, եւ արդեն վերջնական տեսք ունի: Նշենք, որ գործող օրենքով լեռնահանքարդյունաբերողները հարկվում են ընդհանուր հարկմամբ` գումարած բնապահպանական վճարները: Կառավարության ներկայացրած վերջնական տարբերակով` բանաձեւը հետեւյալն է. լինելու է ստացված եկամտի նվազագույն շեմ` բնապահպանական վճարի տեսքով, եւ ուղղիչ գործակից, որը պայմանավորված է լինելու շահութաբերությամբ. որքան մեծ լինի շահութաբերությունը, այնքան բարձր կլինեն գործակիցն ու բնապահպանական վճարը, այսպես ասած` «ռոյալթի»: Եւ որպեսզի հանքարդյունաբերողներն ինչ-որ հնարքներով չխաբեն պետությանը, «ռոյալթիի» հիմք են ընդունվել միջազգային շուկաներում հումքի գները` որոշակի միջանցքով:Սա այն եզակի դեպքն է, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Արա Նռանյանը երկու ձեռքով ողջունում է կառավարության նախաձեռնությունը: Թեեւ ասաց, որ կողմնակից է այս ոլորտում հարկային բեռի էլ ավելի ավելացման:Նշենք, որ հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունների անդամներն առաջարկել են, որպեսզի կառավարության այդ բանաձեւը վերաբերի նաեւ ոչ մետաղական  քարի, ավազի, աղի հանքերին: Տեսնենք, թե ինչով կավարտվեն քննարկումները:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս