ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար  շատերն են հիշում, թե ժամանակին հանրապետականներն ինչպիսի ոգեւորությամբ էին մեջբերում Սերժ Սարգսյանի «Առա՛ջ Հայաստան» կարգախոսով նախընտրական ծրագրի տարբեր դրույթները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերի ընթացքում պահանջում էր, որ բոլոր նախարարներն իրենց սեղաններին դրված ունենան այդ ծրագիրն ու  ամեն օր կարդան: Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անգամ իր աշխատակիցներին ստիպում էր անգիր անել այդ ծրագրի ամբողջական գլուխները: Անցավ երեք տարի, եւ հանրապետականների ոգեւորությունը մարեց: Այսօր արդեն ոչ ոք չի խոսում այդ ծրագրի մասին` խուսափելով եւս մեկ անգամ ի ցույց դնել Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների եւ առկա իրականության միջեւ խոր անջրպետը: Երեք տարին քիչ ժամանակահատված չէ երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական  բարեփոխումների եւ խոստացված ծրագրերի եթե ոչ լիարժեք իրականացման, ապա գոնե դրանց  հաստատուն մեկնարկի համար: Եւ քանի որ առջեւում հաջորդ ընտրություններն են, ասել է թե` նոր խոստումների ու նախընտրական ծրագրերի ժամանակը, «Ժողովուրդ»-ն առաջարկում է ոլորտ առ ոլորտ  վերհիշել եւ իրականության հետ համադրել Սերժ Սարգսյանի նախընտրական  ծրագիրը` գնահատելու համար դրա իրագործման արդյունավետությունը: Այսօր կանդրադառնանք ծրագրի նախաբանին, որի առաջնային դրույթներից մեկի ձախողումն էլ կանխորոշեց ողջ ծրագրի լիակատար տապալումը. «2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների  բարելավումը եւ ժողովրդավարական  ընտրությունների անցկացումը Հայաստանում  այլեւս ավանդույթ է»:  Թե ինչ «հաստատեցին» այդ ընտրությունները, կարծում ենք, հիշում են բոլորը. դրանք հաստատեցին, որ ընտրակեղծարարությունը, զոռբայությունն ու իշխանությունն ամեն գնով պահելու  գործելաոճը  «Հայաստանում այլեւս ավանդույթ է», որի արդյունքում  10 անմեղ քաղաքացի գնդակահարվեց, հարյուրավորներն էլ վիրավորվեցին ու նետվեցին բանտերը:   Ծրագրի հաջորդ կետում կարդում ենք. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ»: Հավանաբար  փոխադարձ հարգանքից, սիրուց ու ներողամտությունից ելնելով էր, որ Սերժ Սարգսյանը շինծու մեղադրանքներով  երեք տարի  բանտերում պահեց  իրենց գաղափարների համար պայքարող  գործիչներին, այդ թվում եւ իր երբեմնի մտերիմ ընկերոջը` Սասուն Միքայելյանին: Կամ` այսօր էլ նույն այդ «փոխադարձ հարգանքի, սիրո ու ներողամտության» դրսեւորում է նրա «զուգարանային վրեժը», որն այդքան էժանագին կերպով շահարկվում է նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից:  Բայց անցնենք առաջ. «Հայաստանում պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար»: Երեւանի կենտրոնում գնդակահարված ՀՀ 10 քաղաքացիների կյանքի անվտանգության իրավունքի մասին արդեն նշեցինք, իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների «արժանավայել» կյանքին, ապա այստեղ Սերժ Սարգսյանի իշխանությունն այնքան լավ է «աշխատել», որ անցած երեք տարիների ընթացքում  ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հեռացել են Հայաստանից` չդիմանալով այդչափ «արժանավայել» կյանքին:  Ինքնաարտահայտման հնարավորության մասով` այո՛, Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն  ինքնաարտահայտվել` ինքն արտահայտվել եւ ինքն էլ լսել` իր տան պատերի ներսում: Իսկ եթե այդ քաղաքացին ցանկություն ունենա դա անել, ասենք, նաեւ իր վճարած հարկերով գործող Հանրային հեռուստատեսությամբ, ապա այդ դեպքում նա պետք է կա՛մ հանրապետական լինի, կա՛մ էլ  փեսայի մտերիմներից: Հաջորդիվ  Սերժ Սարգսյանը խոստանում է. «Հայաստանը պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն… որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները»: Ժողովրդավարական պետություն դառնալու մասով ամենաակնառու գնահատականն ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ՀՀ-ին ֆինանսական օժանդակության կասեցումն էր` «ժողովրդավարության հետընթացի» պաշտոնական պատճառաբանությամբ: Իսկ մարդու իրավունքների ազատության մասով հեղինակավոր «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպության կողմից Հայաստանին տրված «մասամբ ազատ» գնահատականն ու 2008-ից հետո գրանցած հետընթացը, բնականաբար, ամերիկյան կազմակերպության «թերի, ոչ խորունկ» ուսումնասիրության արդյունք էր: Կասկածողներին խորհուրդ ենք տալիս ամեն հինգշաբթի գնալ կառավարության շենքի մոտ եւ տեսնել, թե ինչպես են  «գերակայվում ՀՀ քաղաքացիների անօտարելի իրավունքները»: Ծրագրի նախաբանի հաջորդ դրույթում Սերժ Սարգսյանը խոստանում է. «Հայաստանում չեն լինելու աղքատներ»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության 71,5 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, իսկ 34 տոկոսն ուղղակի աղքատ է:  Այսինքն` այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով կա առնվազն 1 միլիոն հարյուր հազար աղքատ մարդ:  Եւ այդ ամենի պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է` համաձայն իր իսկ ծրագրի. «Այս Հայաստանի կառուցման երաշխավորն ու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ նախագահը»:  Թե ինչպիսի առաջամարտիկ ու երաշխավոր է եղել Սերժ Սարգսյանն իր ծրագրի տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ մնացած ոլորտների մասով, կներկայացնենք հաջորդիվ: շարունակելիԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս