Աշխարհահռչակ հայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը սուր քննադատության է ենթարկել ՀՀ-ում տիրող իրավիճակը` մտահոգություն հայտնելով արտագաղթի մասին: «Իմ միակ ցանկությունն այն է, որ այնտեղ մնացած մի բուռ ժողովուրդի համար լավ բաներ արվեն։ Քանի՞ մարդ է մնացել այնտեղ։ Ասում են՝ 2,3 միլիոն։ Իսկ պաշտոնյաները հայտարարում են 3,6 միլիոնի մասին, սակայն դա ճիշտ չէ։ Կարճ ժամանակ անց այդ թվաքանակը հասնելու է 1,8 միլիոնի։ Դրանից հետո էլ այդ թիվը հասնելու է 1 միլիոնի։ Նման իրավիճակում բնակչության թվաքանակի աճի համար չինացիներից ենք օգնություն խնդրելու»,-ասել է նա: Իսկ թե որն է Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը, Ազնավուրն ասել է. «Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ։ Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլեւս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն։ Գնացե՛ք, ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնե՛ք։ Սակայն դա ձեր երկրում մի՛ արեք, ձեր ժողովրդի դեմ մի՛ արեք»։ Նա խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հարցի եւ ԼՂ խնդրի մասին: Իսկ հարցին, թե «Հայաստանի 3 նախագահներին էլ ճանաչում եք։ Նրանցից ո՞ր մեկի մասին կցանկանայիք խոսել», Ազնավուրը պատասխանել է. «Նրանք բոլորն էլ բարի նպատակների տեր մարդիկ են։ Սակայն որոշ իրավիճակներ կարողանում են փոխել նպատակն ու կամքը… Առնվազն նախագահներից ոչ մեկն ինձ «ոչ» չի ասել»։Անդրադառնալով Ազնավուրի այս հարցազրույցին` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանրահավաքի իր ելույթում նկատեց. «Հիմա թող այս իշխանությունները Շարլ Ազնավուրին պատասխանեն, ասեն, որ այդպես չէ, թե իրենք Ազնավուրին կարող են մեղադրել, որ քաղաքական նպատակներով է նման բան ասել»: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է. «Եթե մինչ այս շատ էի հարգում, հարցազրույցից հետո տասնապատիկ եմ հարգում: Այս մարդը, թվում է, մեծ արտիստ լինելով, էսթետ, զգայական անձ, կյանքից ու իրականությունից հեռու, բայց իր մատը դրել է երկու գլխավորագույն ցավի վրա, դաժանագույն մերկացման ենթարկել իշխանությանը՝ լինելով դրա ներկայացուցիչը Շվեյցարիայում: ՀՀ թվաքանակի մասին ասել է, որ դա ուռճացված է: Շարլը հասկացրել է՝ գնացե՛ք, ձեր մաֆիաները ուրիշ երկրներում հիմնե՛ք»:
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՏԸ ՄԵՐ ՑԱՎԻ ՎՐԱ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ