ԾԵԾԵԼ ԵՆ, ՈՐ ԳՐԻ` ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ բանդայի անդամ համարվող Արման Դալլաքյանին ձերբակալելուց հետո ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել, ինչի հետեւանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխում: Նրան «Էրեբունի» հիվանդանոցում վիրահատելուց հետո տեղափոխել էին Ավանի ոստիկանական հոսպիտալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, հիմա էլ, ըստ ոստիկանության, տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:Հիշեցնենք, որ Ալբերտը` Արմանի հայրը, որդուն տեսակցելուց հետո լացելով հեռացել էր հիվանդանոցից` փաստաբանին հորդորելով եւս հեռանալ այդտեղից, իսկ մեր հարցերին էլ հրաժարվում էր պատասխանել:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ ձերբակալել են Արմանին, տարել են 6-րդ վարչություն, սկսել են ռեժիմով ծեծել: Բիձա մականունով Արմանին ստիպել են, որպեսզի խոստովանական ցուցմունք գրի, թե ինքը զինված բանդայի անդամ է ու մասնակցել է գողություններին: Արմանն էլ ասել է, թե չգիտի, ինքը չի եղել: «Ինձ բերել եք նարկոտիկի համար, դատե՛ք, ինչի՞ եք սպանում, ես կապ չունեմ»,-ասել է Արմանը եւ սեղանին դրված դանակը մտցրել իր փորը: Թե ինչ գործ ուներ սենյակում դանակ, դա հարցի մի կողմն է, քանի որ նախ պետք է պարզվի` ի՞նքն է իրեն դանակահարել, թե՞ իրեն են հարվածել: Արդյունքում Արմանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ պարտիզանների նման գաղտնի են պահել Դալլաքյանի գտնվելու վայրը: Փաստաբանին էլ չեն թողել, որ տեսակցի նրան:«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանությունում հավանաբար «դուբինկայով» խփել են Արմանի ոտքերի կոճերին ու ձեռքերին, որոնք կարմրած են: Նրա կողոսկրը ջարդվել ու մտել է թոքի մեջ: Վնասվել է նաեւ հաստ աղիքը: Այս ծանր վիրահատությունից հետո Արմանին ձեռնաշղթաներով ամրացրել են հիվանդանոցի անկողնուն եւ տասնյակ «օպերներով» օր ու գիշեր հսկել նրան: Նույնիսկ այդ վիճակում ոստիկանությունն Արմանին ստիպել է խոստովանել, որ բանդայի անդամ է: Անգամ Արմանի ընտանիքի անդամներին են սպառնացել լռել, դրա համար էլ նրանք հրաժարվեցին փաստաբան Սեդա Սաֆարյանի ծառայություններից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արմանի հորը համոզել են, որ դատապաշտպան չունենա` առաջարկելով հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի ծառայությունները:Մենք տեղեկացանք, որ փաստաբան Սեդա Սաֆարյանը դեռ օրեր առաջ նամակ էր գրել հիվանդանոցի գլխավոր բժշկին` իր պաշտպանյալին այցելելու համար, սակայն մինչեւ այսօր անպատասխան է մնացել: Հիշեցնենք, որ Արմանը բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի միջնեկ եղբոր հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել եւ ձերբակալվելու պահին էլ նրա հետ է եղել` հաց ուտելիս:  «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ` պարզելու, թե որտեղից է ոստիկանությունում հայտնվել դանակը, որով Արման Դալլաքյանն ինքն իրեն վնասել է: «Ծառայողական քննություն է կատարվում, բացի դրանից, հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ այդ փաստն է քննության առարկա: Այս պահի դրությամբ նշեմ, որ Արման Դալլաքյանը գրավոր ցուցմունքներով եւ բացատրություններով գրել է, որ իր նկատմամբ ո՛չ հոգեբանական եւ ո՛չ էլ ֆիզիկական բռնություն չի գործադրվել: Ներկայումս փորձաքննություններ են նշանակվել, միայն դրանց ավարտից հետո արդեն կկարողանանք որոշակի տեղեկություն տրամադրել»,- ասաց պարոն Ահարոնյանը:Ակնհայտ է, որ ոստիկանությունը ժամանակ է ձգում, մինչեւ Արմանի վերքերը լավանան, դրա համար էլ անգամ դատաբժիշկ չեն հրավիրել` վնասվածքներն արձանագրելու համար:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս