ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորից մտնում ենք նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջան, երբ քաղաքական լիդերները պետք է շփվեն ժողովրդի հետ եւ ժողովրդին պետք է տան նրանց հաճելի եւ ընտրվելու համար անհրաժեշտ խոստումներ: Հետադարձ հայացք գցելով 2007-2008թթ. նախընտրական քարոզարշավին` կարելի է ասել, որ շատ բան չի փոխվել մեր իրականության մեջ: Էլի արդիական են մնացել ժողովրդի նյութական բարեկեցության եւ արդարության խոստումները: Կարծես թե ուրիշ առաջարկելու բան չկա, քանի որ մեր հասարակությունում քաղաքական կուսակցություններն անում են նույն քարոզարշավը, ինչ որ մեծամասնականով ընտրվող պատգամավորության թեկնածուներն ու նախագահի թեկնածու առաջադրված անձինք: Քաղաքական գաղափարախոսությունը մնում է ակադեմիական կամերային մի երեւույթ, որի մասին խոսվում ու քննարկվում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների նեղ շրջանակում, երբեմն էլ քաղաքագետների կողմից հոդվածներ են լինում մամուլում: Արդարության առումով խոստանալու շատ բան կա, քանի որ այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի արդարադատության համակարգը միտումնավոր է այլասերվում, որ նախընտրական քարոզարշավի նյութ ապահովվի: Հակառակ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել այն քար անտարբերությունը մամուլի հրապարակումների վերաբերյալ, ուր խոսվում էր դատական համակարգում արդարադատության բացակայության, դատական համակարգի ղեկավարության կողմից դատավորի անկախության ու անաչառության վերացման մասին, երբ արդարադատությունը ոչ թե դատարանի դահլիճում է կատարվում, այլ վերադասի աշխատասենյակում կամ հեռախոսով:Ի՞նչն է մարդկանց հանում փողոց ու տանում հանրահավաքի: Գաղափարախոսությո՞ւնը: Դժվար թե: Հանրահավաքներում կարծես թե դրա մասին չեն խոսում: Այնտեղ խոսում են առօրյա կյանքում բացակայող արդարության մասին: Խոստանում են իշխանության գալու դեպքում ապահովել արդարություն, օրինականություն եւ օրենքի առաջ հավասարություն, օրենքով արդարադատություն իրականացնող դատարան: Դա խոստանում է ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, սակայն մնում է միայն խոստում, որովհետեւ մյուս նախընտրական քարոզարշավի ժամանակ եւս թեմա կլինի խոսելու եւ գեղեցիկ խոստումներ տալու համար: Արդարադատությունը մեր երկրում դարձել է կոմունիզմի պես մի բան. դրա մասին խոսելն ու երազելը հաճելի է, սակայն անհասանելի, ուստիեւ ամեն մեկը կարող է այն պատկերացնել յուրովի եւ ելք գտնել խուսափելու պետական մարմինների հետ գործ ունենալուց, ոստիկանի հանդիպելուց: Այդ անպաշտպան լինելն է, որ արդյունք է դատական այլասերված համակարգի գործունեության: Ի վերջո, առանց արդարադատության չի կարող լինել առողջ հասարակություն: Առանց արդարադատության չի կարող լինել առողջ տնտեսություն ու հզոր երկիր: Պետք չէ խեղաթյուրված արդարադատության մեղավոր համարել օրենքներն ու օրենսգրքերը: Դրա համար կան պատասխանատուներ, ու նրանցից պետք է պահանջել շտկել իրավիճակը կամ փոխել գործունեության ձեւը:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս