«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանին ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում: Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գեւոր Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ պրոցեսն է ընթանում: 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն: Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանին որոշել են կարգել այդ պաշտոնում: Նախ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ: Մենք երեկ փորձել ենք տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որը ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված, ու ինքը չի կարող այս պահին որեւէ բան ասել. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որեւէ հստակ բան այս պահին որոշված չէ, բայց ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,- հայտարարեց Դանիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին:
-Պարո՛ն Դանիելյան, այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ Կապանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ավագանու անդամները հրաժարվում են, եւ արդյունքում ընտրություններ պետք է լինեն: Ի՞նչ է կատարվում Կապանում:
-Կապանում կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ, ես Կապանի համայնքապետին մինչեւ համայնքի ղեկավար լինելը ճանաչել եմ եւ հարգանքով եմ վերաբերվում: Նախընտրական շրջանում նա մի հայտարարություն արեց եւ կոչ արեց կապանցիներին չընտրել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ նա իր համակիներին այդպիսի կոչ արեց, սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Կապանի ընտրողների մեծ մասը ընտրեց Փաշինյանին, այսինքն՝ հավատում են այս իշխանություններին, որի համար էլ նրանց շնորհակալություն ենք հայտնում: Դրանից հետո որոշակի հարցեր են առաջացել ավագանու անդամների մոտ, որ Կապանի բնակչության մեծ մասը չի լսել համայնքի ղեկավարին, եւ դա նշանակում է, որ նրա նկատմամբ կա որոշակի անվստահություն: Իմ կարծիքով՝ ավագանու հրաժարականը առաջնահերթ դրա հետ է կապված: Նրանցից մեծ մասը երկրորդ անգամ են ավագանի, քաղաքական հետագիծ ունեն, եւ, իմ ունեցած ինֆորմացիայով, Կապանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանը ոչ մի կապ չեն պահպանում կառավարության հետ, եւ դա նշանակում է, որ աշխատանքը պարալիզացվել է: Դա շատ մեծ ճգնաժամ է առաջացնում Կապանում:
-Արդյոք դա իշխանությունների՞ ճնշման ներքո է տեղի ունենում: Ինչի՞ հետեւանք է այն:
-Այն հետեւանք է մի շարք գործընթացների, բայց կարծում եմ դրա մեջ ամենամեծ դերը եղել է այն, որ տարիներ առաջ, երբ կապանցիները ընտրում էին Գեւորգ Փարսյանին, չէին մտածում, որ ընտրում են մի մարդու, որը տարիներ հետո սատարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ հայտարարելու է նրա՝ շատ լավ եւ պիտանի քաղաքական գործիչ լինելու մասին: Հիմա ես նույնպես Կապանից ստանում եմ տարբեր զանգեր, թե ինչու է համայնքապետը համայնքը ներքաշում մեծ քաղաքական գործընթացների մեջ, քանի որ կապանցիները իրենք են միշտ որոշել, թե ում ընտրեն, եւ չեն սիրում, երբ իրենց թելադրում են:
-Այսինքն՝ սա վրե՞ժ է Գեւորգ Փարսյանի դեմ:
-Իշխանությունն ի՞նչ է անում, որ վրեժ լուծի: Թող որեւէ ավագանի հայտարարի, որ նրանց հրահրել են: Ես նրանցից մի քանիսի հետ հանդիպել եմ եւ կարող եմ ասել, որ նրանք որեւէ բանում կաշկանդված չեն եղել: Իմ կարծիքով՝ նրանք որոշում են կայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ քաղաքական ճգնաժամ է: Նրանք էլ են կարծում, որ Կապանում արտահերթ ընտրություններ են պետք, եւ քաղաքապետի մասին խոսք չկա: Այստեղ խոսքը ավագանու ընտրությունների մասին է, եւ նրանց մեծամասնությունը ստորագրել են, որ հրաժարական են պահանջում Նիկոլ Փաշինյանին, եւ եթե կապանցիները մեծամասնություն են տվել Փաշինյանին, ուրեմն նրանք վստահություն չեն վայելում, եւ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, եւ թող իրենք էլ մասնակցեն եւ իրենց ձայնը ստանան:
-Դուք մասնակցություն ունենալո՞ւ եք ավագանու ընտրություններին:
-Ես ամեն ինչ անելու եմ, որ այս ճգնաժամը հաղթահարվի՝ ի շահ կապանցու, եւ ամեն ինչ անելու եմ, որ կապանցու քվեն պաշտպանված լինի եւ հասնի իր ուզած նպատակին: Դա պետք է այդ ճանապարհը լինի, եւ ոչ մի ճնշում չլինի կապանցու վրա: Ես ամեն ինչ անելու եմ դրա վրա:
-Ասում են՝ Դուք եք հաջորդելու Փարսյանին եւ լինեք Կապանի հաջորդ համայնքի ղեկավարը:
– Ես ֆիզիկապես հիմա գտնվում եմ Երեւանում եւ չեմ դադարում Կապանով զբաղվել: Ընտրություններից առաջ էլ կգնամ Կապան, կհանդիպեմ կապանցիների հետ: Բնականաբար մեծ ցանկություն ունեմ Կապան գնալու եւ կապանցիների կողքին լինելու, բայղ դեռ հստակ քաղաքական որոշում չկա, եւ չէի ցանկանա հիմա այդ հարցին պատասխանել: Որոշակի խոսակցություններ կան, բայց հստակ չեմ կարող հիմա հայտարարել, որ ես եմ լինելու Կապանի համայնքի ղեկավարի թեկնածուն, բայց ամբողջովին ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացների մեջ:
-Թեժ իրավիճա՞կ է սպասվում Կապանում: Լարվածություն կլինի՞:
-Ես համոզված եմ, որ ընտրություններն անցնելու են հանգիստ, արդար, առանց ցնցումների, առանց լարվածությունների: Բոլորն էլ իմ համաքաղաքացիներն են, սակայն Կապանում առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում:
-Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը նպատակ ունի Սյունիքը գլխատել՝ համայնքապետերին կալանավորելով:
-Իսկ ընդդիմությունը ինչ պետք է ասեր, ասեր, որ շատ լավ է, որ մեր համայնքապետերին ձերբակալում են, եւ շատ լավ է, որ նրանց գործելաոճում հանցակազմ են տեսել: Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը անցնեմ եւ հույս ունեմ, որ կպարզվի՝ Սյունիքի համայնքապետերն արդար են եւ անօրինական գործողություններ չեն իրականացրել, որովհետեւ ես նրանց բոլորին էլ ճանաչում եմ եւ շատ կցանկանայի, որ նրանք աշխատեին՝ ի նպաստ սյունեցիների, եւ դա մեր բոլորի պատիվն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աղվան Ալբերտի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը /լիազորությունները կասեցված/, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, իր լիազորությունների իրականացման հետ չկապված՝ Մերուժան Միքայելյանի միջոցով վերջինիս ազգական Սոնյա Մարգարյանից ուղղակի դիտավորությամբ խարդախությամբ եւ նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): «Նախնական վարկածով՝ դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջեւ ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»: Եվ, ահա, Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել է կյանքից: Բաղդասարյանը կալանավորված է, եւ նախաքննական մարմինը քրեական գործով որոշում է կայացրել եւ նախաքննության ավարտ է հայտարարել:
ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼՈՒ ԴԵՊՔ
Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան: 2021 թվականի փետրվարի 3-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը եւ մուտք է գործել Վրաստան: Այնուհետեւ նույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով ապօրինի, կրկին առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: