Հեղուկ գազի շուկան մշտապես անակնկալներ է մատուցում այն վարորդներին, ովքեր սեղմված գազի փոխարեն նախընտում և օգտագործում են հեղուկ գազը։
ArmLur.am-ին անդադար ահազանգում են քաղաքացիները այն մասին, որ հեղուկ գազի գինը կտրուկ բարձրացել է՝ 190 դրամից հասնելով 210 դրամի, որոշ տեղերում՝ 200 դրամ։Ավելին քաղաքացիները ահազանգում են, որ ամենբարձր գինը այս ընթացքում հասել է մինչև 290 դրամի։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իր հերթին նշում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է և հեղուկ գազի շուկա ներմուծումներ իրականացնում են 98 տնտեսավարող սուբյեկտ։
ArmLur.am-ը նաև պարզեց, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։
Միևնույն ժամանակ, տեղի ունեցող գների կտրուկ տատանումները հնարավոր չէ ամբողջությամբ բացատրել միայն ներքին շուկայով․ կարևոր դեր են խաղում նաև միջազգային զարգացումները։
Վերջին շրջանում սրված հարաբերությունները Իրան-ի, ԱՄՆ-ի և Իսրայել-ի միջև, անմիջապես ազդում են էներգակիրների համաշխարհային շուկայի վրա։ Հատկապես մեծ նշանակություն ունի Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթամթերքների և հեղուկ գազի զգալի մասը։
Եթե նեղուցում առաջանում են խնդիրներ կամ դրա անցանելիությունը նույնիսկ ժամանակավոր սահմանափակվում է, միջազգային շուկայում գները կտրուկ բարձրանում են՝ պայմանավորված մատակարարման ռիսկերի աճով։
Արդյունքում, ներկրող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, արձանագրվում են գների շղթայական աճեր։
Միջազգային էներգետիկ շուկաներում վերջին ամիսներին նկատվում է անկայունություն․
• աճել են փոխադրման ծախսերը,
• բարձրացել են ապահովագրական ռիսկերը,
• մատակարարումները դարձել են ավելի անկանխատեսելի։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ նույնիսկ մրցակցային շուկայի պայմաններում հեղուկ գազի գինը կարող է կտրուկ տատանվել՝ կախված ոչ թե միայն տեղական մրցակցությունից, այլ գլոբալ քաղաքական և տնտեսական զարգացումներից։
Անի Վարդանյան





























