ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ-ի. աճը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի վերջի դրությամբ, ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 8 միլիարդ 953 միլիոն դոլար է: Այստեղից Հայաստանի կառավարության պարտքը կազմում է 8 միլիարդ 485 միլիոն դոլար, Կենտրոնական բանկինը՝ 468 միլիոն դոլար։

Իսկ այժմ համեմատություն անցկացնենք՝ փորձելով հասկանալ, թե ինչ համամասնությամբ է աճել պետական պարտքը վերջին տարիներին: Օրինակ, Սերժ Սարգսյանի կառավարման վերջին ամսին, այսինքն 2018 թվականի ապրիլին, Հայաստանի պետական պարտքը հասել էր արդեն 6 մլրդ 867 միլիոն դոլարի։ Այսինքն, 10 տարում այն աճել էր գրեթե 5 մլրդ դոլարով։

Իսկ ահա այս տարվա աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել։

Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի  արտաքին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 653 մլն դոլար, որը մեկ ամսում նվազել է մոտ 25 մլն դոլարով կամ 0.4%-ով: Սակայն, տարեսկզբից արտաքին պարտքն ավելացել է 593 մլն դոլարով կամ 9.8%-ով:

Ներքին պետական պարտքը այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 2.3 մլրդ դոլար՝ մեկ ամսում աճելով 4 մլն դոլարով կամ 0.2%-ով: Տարեսկզբի համեմատ ներքին պարտքն աճել է մոտ 391 մլն դոլարով կամ 20.5%-ով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս