Armenian text to speach

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համակարգերի խափանումը խաթարել է Մերձավոր Արևելքում հետախուզական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերում առաջացած լայնածավալ խափանումն ազդել է նաև Ջորջիա նահանգում գործող կարևոր կենտրոնի աշխատանքի վրա, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում հետախուզական և կիբերանվտանգության գործողությունների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Խափանումների պատճառով գործակալության բազմաթիվ աշխատակիցներ արդեն երեք օր է՝ չեն կարողանում մուտք գործել աշխատանքի։ Խնդիրներ են առաջացել նաև գաղտնի հաղորդակցության NSANet ցանցում, որի միջոցով աշխատակիցները փոխանակվում են հետախուզական տվյալներով։

Ջորջիայի կենտրոնի աշխատակիցները չեն կարողացել այդ ցանցով կապ հաստատել Մերձավոր Արևելքում տեղակայված գործընկերների հետ, սակայն ստիպված չեն եղել դադարեցնել աշխատանքը՝ օգտագործելով պահուստային համակարգեր և կապի այլընտրանքային միջոցներ։

Պաշտոնյաներն ընդգծել են, որ գործակալության ամենազգայուն հետախուզական համակարգերը շարունակում են գործել։

CNN-ի տվյալներով՝ խափանումը կիբերհարձակման հետևանք չէ։ ԱՄՆ պաշտոնյաների նախնական գնահատմամբ՝ խնդիրը կապված է PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված խոցելիությունները վերացնելու նպատակով իրականացված ծրագրային թարմացումների հետ։

Նշվում է, որ այդ խոցելիությունները հայտնաբերվել են նաև արհեստական բանականության գործիքների օգնությամբ։ Դրանց բացահայտումից հետո պետական կառույցներն ու մասնավոր կազմակերպությունները ստիպված են եղել արագ թարմացնել իրենց համակարգերը, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել։

ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները նշել է, որ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս աննախադեպ արագությամբ բացահայտել համակարգերի խոցելիությունները՝ պետական կառույցների և ընկերությունների առաջ դնելով դրանք անհապաղ վերացնելու անհրաժեշտություն։

Հինգշաբթի NSA-ի Մերիլենդի գլխավոր գրասենյակի աշխատակիցներին տեղեկացրել են, որ իրավիճակը «նարնջագույն կոդի» մակարդակի է, իսկ աշխատակիցների մեծ մասի համար գրասենյակը փակ է մինչև հետագա ծանուցումը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը CNN-ին հայտնել է, որ համակարգերի վերականգնման աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի դանդաղ։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս