Հայաստանում թանկացել է ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքը, այլեւ՝ ոչ պարենային ապրանքները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Ավելին, ոչ պարենային ապրանքները մեկ տարվա ընթացքում թանկացել են 9.7 տոկոսով: Մեկ ամսվա ընթացքում մեր հանրապետությունում կտրուկ բարձրացել են նաեւ հագուստի ու կոշիկի գները: Պաշտոնական տվյալներով, հագուստի գինը բարձրացել է 2.3 տոկոսով, իսկ կոշիկինը՝ 3.6 տոկոսով: Փոխարենը՝ ոսկերչական զարդերի գներն են նվազել՝ 2.8 տոկոսով:
Իսկ դեղագործական ապրանքները էժանացել են 0.2 տոկոսով: Մատուցված ծառայությունների սակագներն են մեկ տարվա ընթացքում բավականին աճել. ըստ վիճակագրական կոմիտեի՝ գնաճը կազմել է 1.6 տոկոս: Օրինակ, այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների գներն աճել են 0.2 տոկոսով: Իսկ ահա հանգստի կազմակերպման ծառայությունների սակագներն աճել են 2.9 տոկոսով: Նշենք, որ հյուրանոցային ծառայությունների գները 0.4 տոկոսով նվազել են: Իսկ տրանսպորտային ծառայություններինը նվազել են 0.2 տոկոսով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.8 տոկոս նվազումով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական ծառայությունների սակագները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0.5 տոկոսով: Սա, ըստ ՎԿ-ի՝ պայմանավորված է COVID 19-ի թեստավորման գների 10.1 տոկոս նվազումով: Նշենք, որ որոշ բուժհաստատություններում ՊՇՌ թեստի գները 15 000 դրամից նվազել է՝ դառնալով 8000-10000 դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերին իրավաբանական ծառայությունների համար վճարներն ու վարսավիրանոցների եւ անձնական սպասարկման սրահների, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ս.Հ.