«Համերգը պետք է կայանար Հայկոյի հուղարկավորության 2-րդ օրը՝ նույն դահլիճում, ինչից ելնելով որոշվեց հետաձգել». Դաթոյի համերգի չեղարկման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.amհրապարակում էր արել այն մասին, որ վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձե չեղարկված մենահամերգից տուժած քաղաքացիները պահանջում են ետ վերադարձնել նախապես գնված տոմսերի գումարները: Սակայն այսօր մեր խմաբագրություն է դիմել AVN ընկերության ներկայացուցիչ Վիկտորիա Մայիլյանը, ում քաղաքացիները մեղադրում են խաբեության մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում AVN ընկերության ներկայացուցիչ Վիկտորիա Մայիլյանը, անդրադառնալով քաղաքացիների մեղադրանքներին եւ դժգոհություններին,  ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ մեղադրանքների արձագանքը ճիշտ է դատարանում ցույց տալ, քանի որ միշտ գտնվում են մարդիկ, որ մարդկային լեզու չեն հասկանում եւ ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնատու: Ինչ վերաբերվում է մենահամերգին, այն տեղի է ունենալու 2022 թվականի գարնանը, որի մասին նախապես կհայտարարվի, իսկ համերգի տոմսերը մնում են ուժի մեջ կամ տոմսերի գումարի սահմաններում կարող են փոխանակել որեւէ այլ ընկերության դրած համերգի հետ, այդ հնարավորությունը կա: Համերգը պետք է կայանար  մեր բոլորիս կողմից սիրված Հայկոյի հուղարկավորության երկրորդ օրը՝ նույն դահլիճում,  ինչից ելնելով որոշում կայացվեց, որ համերգը կհետաձգվի: Իսկ ինչ վերաբերվում է բողոքող քաղաքացիներին, կարող եմ ասել, որ մենք շատ շնորհակալ ենք մեր հանդիսատեսից, որի մեծ մասը  հասկանալով մոտեցան խնդրին, իսկ մի քանի հոգու հետ, ովքեր տոմսերը գնել են Ֆիլհարմոնյայի տոմսարկղից, պարզապես կոնտակտ չունենալու պատճառով, կապ հաստատել չենք կարողացել: Իսկ պարոն Էդուարդ Թոփչյանին մեծ հարգանքով ենք վերաբերվում, բայց կորոնավիրուսից առաջ նա չի ղեկավարել ֆիլհարմոնիկը եւ պայմանագիրը կնքվել է նախկին տնօրինության հետ եւ բնական է, որ նա չի ճանաչում: Ես նորից եմ ուզում ընդգծել, որ համերգը հետաձվել է կորոնավիրուս համավարակի պատճառով»:

Նշենք, որ մեզ դիմած քաղաքացիները  դեռեւս 2019 թվականի հոկտեմբեր ամսին ձեռք են բերել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի տոմսեր, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 7-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով համերգը չի կայանում եւ հետաձգվում է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 2-ը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս