Այն, որ Հայաստանի շատ պաշտոնյաներ բանակում չեն ծառայել, վաղուց հայտնի իրողություն է: «Ժողովուրդ»-ը հայոց բանակում չծառայած ԱԺ պատգամավորներին հարց հղեց այդ մասին` պարզելու, թե ինչու չեն ծառայել հայոց բանակում, ինչով են զբաղված եղել այդ տարիներին եւ չեն զղջում, որ հայրենիքին մատուցած իրենց ծառայությունը թերի է: Ի պատասխան` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսպիսի գրություն է ուղարկել: «ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր, ինչպես նաեւ սահմանվում է քաղաքացիների զինապարտություն:«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ ամրագրված է, որ զինապարտներ են նաեւ պահեստազորում ու հաշվառված անձինք: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինապարտությունն ընդգրկում է նաեւ զինվորական ծառայությունը եւ պահեստազորում գտնվելը:«Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` մասնավորապես նախատեսվում է, որ զինվորական ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաղկացած է ժամկետային եւ պահեստազորային ծառայությունից: Ընդ որում, առաջին անգամ դրոշի առջեւ տալիս է հավատարմության երդում: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահեստազորի սպայական կազմում ընդգրկվում են բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած եւ սահմանված կարգով սպայական կոչում ստացած քաղաքացիները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մասնավորապես, պահեստազորի սպաները կարող են զորակոչվել մինչեւ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` ըստ որոշված մասնագիտությունների կամ ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:ՀՀ օրենսդրության վերը բերված նշումներից հետո հակիրճ նշեմ, որ ծնվել եմ 1972թ., 1990-1995թթ.. ցերեկային ուսուցմամբ սովորել եմ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1995-1998թթ.. սովորել եմ նույն համալսարանի ասպիրանտուրայում, իսկ 1998թ-ից առ այսօր դասավանդում եմ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում: 2000թ-ին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:Ուսումնական եւ գիտական այս ընթացքն անխոչընդոտ իրականացնելու համար ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայումս գործող օրենսդրությունը պահանջում է իրացնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Սա իր հերթին ձեւավորում է պահեստազորի սպայի ծառայության պարտավորության ձեւավորումը: 2001թ-ին ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը: 1996-2000թթ.. աշխատել եմ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում (աշխատել եմ որպես մասնագետ, առաջատար, բաժնի պետ, վարչության պետ եւ տեսչության պետի տեղակալ): 2000-2008թթ.. աշխատել եմ ՀՀ արժեքների հանձնաժողովի անդամի պաշտոնում, իսկ 2008թ. օգոստոսից մինչեւ 2007թ. մայիս` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնում: 2007թ. մայիսի 12-ից ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր` ՀՅԴ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա: Վերը նշվածին ավելացնեմ, որ 1995թ. հունվարից մինչեւ մայիս ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասընթացներն անցկացվել են ներկայումս Վ.Սարգսյանի անունը կրող ռազմական ակադեմիայում, իսկ նույն թվականի հունիս ամսին մեկամսյա հավաքով ռազմական պարապմունքները, ստուգարքների, քննությունների հանձնումն իրականացվել է ՀՀ զինված ուժերի Նուբարաշենի N մոտոհրաձգային զորամասում: Այստեղ էլ տվել եմ զինվորական երդում եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանալով լեյտենանտի զինվորական կոչում` ընդգրկվել եմ ՀՀ զինված ուժերի պահեստազորային ծառայությունում: Ամփոփելով կարծում եմ՝ պատասխանեցի Ձեր կողմից ուղղված առնվազն առաջին երկու հարցերին, իսկ 3-րդ հարցի պատասխանը թողնում եմ Ձեր ենթադրություններին, քանզի հայրենիքին ծառայությունների մատուցումը երբեք չափելի չէ, եւ քանի դեռ մարդու մեջ կա շունչ եւ հոգի, պետք է ծառայի իր հայրենիքին ու ժողովրդին»: Մյուս պատգամավորների պարզաբանումները` հաջորդիվ:
ՉԻ ԾԱՌԱՅԵԼ, ՊԱՇՏՊԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ