Թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը վտանգված է. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:

«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը՝ որպես հայկական, վերացնի: Եվ պատահական չեն գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և, վերջապես, պետական, այսպես ասած, կառույցների նկատմամբ տեռորը:

Որովհետև ի դեմս Արցախի պետության՝ Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով Արցախի Հանրապետության նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս:

Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական, դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի՝ արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին և պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը»,- ասված է Արցախի թեմի առաջնորդի խոսքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի դատախազությունը խոստացել է ձերբակալել Արցախի նախագահին:




Լրահոս