ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երեւանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։ Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։

Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ եւ ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով: Այսինքն՝ իրավապահ եւ ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատեւ չեն լինի եւ հետեւաբար չեն հանգեցնի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները:

Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, եւ էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Մասնավորապես, Փաշինյանը նրան եւս մեկ անգամ  հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը եւ ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքեւ նյութեր պատրաստել եւ տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի եւ ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել:  Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ մեկնաբանության համար դիմեց Տարոն Չախոյանին, որը նշեց. «Դա անհեթեթություն է, ու հերքելու կարիք անգամ չկա։ Նման անհեթեթ տեղեկություն տվողին կարող եք ուղարկել ջհանդամադիմութան գիրկը»։ Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին:

 

 

 

Քաղաքական իշխանություները 44- օրյա պատերազմի 29-րդ օրը պաշտոնից ազատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին նոր պաշտոն են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանին նշանակել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Արձանագրենք, որ կենտրոնը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Այս նշանակումը տարակուսելի է այնքանով, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի թեժ օրերին, ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ  բավականին թեժ քննարկում ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։ Պատերազմի թեժ օրերին անակնկալ կերպով հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Վաղինակ Սարգսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը ձախողել է իր աշխատանքը: Եվ հիմա՝ նման ձախողումներից հետո,  կազմակերպչական դեֆիցիտ ունեցող Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար՝ բավականին բարձր աշխատավարձով: Ակամայից հարց է առաջանում՝ 2020 թ պատերազմում ձախողածներին նոր պաշտոններ տալով՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ խրախուսում պարտությունները:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցներին կիրակի օրը «բերման են ենթարկել»:  Պարզվում է՝ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաեւ քննչական մարմինների բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին կիրակի օրը՝ մայիսի 1-ին, իրենց վերադասները կանչել են աշխատանքի: Իրավապահները գնացել են աշխատանքի վայր եւ մինչեւ ուշ երեկո՝ ժամը 21 00-ն, մնացել են իրենց աշխատավայրերում, սակայն որեւէ աշխատանք չեն իրականացրել. կայքերով հետեւել են ընդդիմության հանրահավաքին: Տուն գնալու թույլտվություն նրանց տրվել է միայն 21:00-ից հետո: Մեզ ահազանգած աշխատակիցների պատմելով՝ ղեկավար կազմն այս քայլին գնացել է, որպեսզի համակարգի աշխատակիցները հանկարծ հանրահավաքի չգնան թեկուզ օպերատիվ նպատակների անվան տակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական շատ աշխատողներ պնդեցին, որ եթե այս գործելաոճը շարունակական լինի, դիմելու են աշխատանքի տեսչական մարմին կամ աշխատանքից ազատման զանգվածային դիմումներ են գրելու:

 

 




Լրահոս