Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Սումփֆին։
Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։ Մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ Վլադիմիր Շկոլնիկովն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին իր գործունեության շրջանակներում և առավել խորացնելու համագործակցությունը, որն, ի թիվս այլնի, ուղղված կլինի նաև Պաշտպանի հաստատության կարողությունների զարգացմանը։
«Պաշտպան Գրիգորյանը Վլադիմիր Շկոլնիկովին ներկայացրել է իր մանդատի շրջանակներում առանձնացված առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները և պատրաստակամություն հայտնել մեկտեղելու ջանքերը դրանք հասցեագրելու նպատակով։