ՖՈՏՈ. Նպատակս է Եվրոպայում հայտնի բրենդների կողքին ներկայացնել հայկականը. Արեւիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում ենք Jaqett բրենդի շուրջ, որպեսզի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվենք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դիզայներ Արեւիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով նորություններին:

«Երբեմն շատ են խոսում, որ Հայաստանում բրենդը չի երեւում, քանի որ ես հատուկ գովազդային արշավներ չեմ անում եւ կատեգորիկ դեմ եմ այդ ոճին, դա ինձ համար չէ: Ես ցանկանում եմ տեսնել իմ հագուստն այն կանանց հագին, ում ես պատկերացրել եմ իմ բրենդը ստեղծելիս: Ես իմ թիմով շատ դանդաղ, բայց հստակ եւ ճիշտ քայլելով առաջ ենք գնում եւ մեր նպատակն է բրենդը ներկայացնել Եվրոպական շուկայում, որպեսզի այն ավելի շատ դրսում ճանաչում ձեռք բերի: Իսկ Հայաստանում կարծում եմ ով գիտի, գիտի, քանի որ չնայած նրան, որ ասում են թանկ է, բայց ես այդ կարծիքին չեմ, ինչո՞ւ, որովհետեւ շատ վաճառք է իրականացվում Հայաստանում, պարզապես մարդիկ տեսնում են լավ որակ, լավ պրոդուկտ, եւ ցանկանում են կրել իրենց համար կարեւոր չէ ՝դա Jaqett-ն է, թե այլ հայտնի բրենդ: Նրանք պարզապես տեսնում են լավ ապրանք եւ ուզում են գնել: Բրենդի պիտակը նրանց համար նշանակություն չունի, դա շատ կարեւոր է: Ինձ համար շատ ուրախալի է, որ իսկապես դրսում այն պահանջարկ ունի»,-պատմեց Արեւիկը, միեւնույն ժամանակ հավելելով, որ առաջիկայում շատ նորություններ են սպասվում, որոնց մասին նա նախընտրում է չխոսել, այլ աշխատանքով ցույց տալ:

Անդրադառնալով երգչուհու կարիերային Արեւիկ Ալավերդյանը ընդգծեց, որ շոուբիզնես վերադառնալու միտք ամենեւին չունի, ժամանակ առ ժամանակ ինչ-որ գեղեցիկ աշխատանքով հանդես կգա:

«Հավատացեք՝ ես գտել եմ իմ աշխատանքը, որով ես պետք է զբաղվեմ եւ որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում: Ես թերի աշխատել չեմ կարող, եթե ինչ-որ բան պետք է անեմ, ապա պետք է անեմ լավ: Ես ուզում եմ եւ նպատակ ունեմ Հայաստանում արտադրված ապրանքը Եվրոպայում ներկայացնեմ եւ որպեսզի այն հայտնի բրենդների կողքին չզիջի»,-նշեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս