Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«16.08.2022 թվականին ՀՀ կառավարությունը իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրել է ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ։ Սա հերթական արկածախնդրությունն է պարտադիր կուտակայինի հեղինակների կողմից։ Ժողովրդական լեզվով ասված՝ ցանկանում են «ղումար» խաղալ շարքային քաղաքացիների փողերով։ Սա սխալ եւ ժամանակավրեպ նախագիծ է, եւ օր առաջ պետք է կասեցնել։
ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը, ի հաշիվ շարքային քաղաքացիների կուտակած միջոցների, շարունակում են աջակցել մասնավոր ֆոնդերի կառավարիչներին եւ խիստ ռիսկային ու կասկածելի կազմակերպություններին, մասնավորապես՝
- իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից, քանի որ դա ավելացնում է գործառնական ծախսերը, որը պահվում է շարքային քաղաքացիների կուտակած միջոցներից։ 2014 թվականից պարտադրված հանդիսանալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից՝ հստակ կարող եմ նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆոնդի կառավարչից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում չեմ ստացել, մինչդեռ նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իմ դեպքում ֆոնդի կառավարիչը, չկատարելով օրենքով սահմանված պարտավորությունը, ստացել է գործառնական ծախսերի համար փոխհատուցում։ Հուսամ՝ Կենտրոնական բանկը հրապարակային պարզաբանում կտա փաստացի չկատարված ծանուցումների եւ գանձվող գումարների մասով։
- 2022 թվականի մայիսի դրությամբ պարտադիր կուտակային գումարների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում. երբ քաղաքացիները (մասնակիցները) չեն ընտրում ֆոնդի տեսակը, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է պահպանողական ֆոնդը, որը ենթադրում է, որ պետք է միջին ռիսկայնություն ունենալ։ Օրենքի նախագծով նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ավելի ռիսկայն կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ, ի տարբերություն ավանդների եւ պարտատոմսերի, բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։
- 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ներքին եւ արտաքին գործոններով պայմանվորված, կուտակային ակտիվների արժեքը նվազել է 9-10 տոկոսով։ Փաստացի, այս օրենքի նախագծով Կենտրոնական բանկը նախատեսում է է՛լ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների՝ ներդրումներ կատարելու ռիսկայնությունը։ ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով, այսինքն՝ շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որեւէ երաշխիք։
- Օրենքի նախագծի համաձայն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել, այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։ Հիշեցնեմ, որ Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում են ֆրանսիական եւ գերմանական կորպորացիաների դուստր ընկերություններ, հետեւաբար ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում եւ նպաստել իրենց երկրների զարգացմանը»,- գրել է նա։
ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆՈՐ ՁԵՎ ԿՀԱՍՏԱՏՎԻ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձեւ կհաստատվի։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից։
Դիզայնի օժանդակ ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ձեռք բերել «Ֆըրսթ քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, քանի որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, որը սովորել է Իտալիայի նորաձեւության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ, վերոնշյալ կազմակերպության գործադիր տնօրենը նաեւ ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։ Տվյալ կազմակերպության ընտրությունը պայմանավորված է մաքսային ծառայության համազգեստի մոդելների նախագծերի օգտագործմամբ մաքսային ծառայության համազգեստի արտադրության փուլում ակնկալվող որակյալ արդյունքի ստացմամբ։ Միաժամանակ, նշենք, որ մաքսային ծառայության համազգեստի նոր ձեւ հաստատելու նպատակով դիզայնի օժանդակ ծառայության համար գումարը կազմում է 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, եւ ելնելով վերոնշյալ իրավակարգավորման պահանջից՝ վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է հասցնել ավարտին սեղմ ժամկետներում, այն է՝ կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ առավելագույնը տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը հայտնում է, որ մեկ անձից է գնումն արվելու, քանի որ այդպիսի կարճ ժամկետն այլ տարբերակով չի պահպանվի։ Այսպիսով, կկազմվի ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաեւ ամառային ու ձմեռային ամենօրյա հագուստի էսքիզ։
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԿԱՆԵՆ
Տաթեւ-Աղվանի ճանապարհի երրորդ շերտ ասֆալտապատումը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, եւ նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։ «Տարբեր խնդիրներ ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա թերությունները շտկված են, եւ պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի եւս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատվի»,- նշեց Սանոսյանը: Տաթեւ-Աղվանի Մ-2 12 կմ ճանապարհի ասֆալտապատման 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, եւ հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի երրորդ շերտն արվի։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն. ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաեւ որպես այլընտրանք Գորիս-Կապան ճանապարհի հատվածի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։