«Փյունիկի» ռուս ֆուտբոլիստին և մարզչին արգելել են մեկնել Լիտվա՝ «Ժալգիրիսի» դեմ խաղին մասնակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը կիսվել է թիմի ռուս ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյին Լիտվա մուտք գործելու վիզա տրամադրելուց հրաժարվելու հետ կապված խնդրի մանրամասներով։ Պաշտպանը չի կարողացել «Փյունիկի» հետ մեկնել Լիտվա, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի է ունենալու Կոնֆերենս լիգայի «Ժալգիրիս»-«Փյունիկ» հանդիպումը:

«Սկզբում խաղին մասնակցելու հնարավորություն կար: Մենք դիմեցինք ՈւԵՖԱ-ին, կազմակերպությունը տրամադրեց բոլոր փաստաթղթերն ու առաջարկությունները: Մենք հանձնեցինք անհրաժեշտ փաստաթղթերը՝ հույս ունենալով, որ վիզա կստանանք։ Միխայիլը կարևոր է մեր թիմի համար և շատ անհրաժեշտ այս խաղում։ Մարզչական շտաբը հույս է դրել նրա վրա։ Բայց, ցավոք, նրան ու գլխավոր մարզիչ Ստեպան Մոնարյովին վիզա չտրվեցին։ Մենք շատ վրդովվեցինք։ Դիմել ենք ՈւԵՖԱ, ճիշտն ասած, արդեն երկրորդ անգամ։ Մինչ այդ որոշակի խնդիրներ կային Շվեյցարիայի վիզա ստանալու հետ կապված։ Բայց հետո, ՈՒԵՖԱ-ի միջամտության արդյունքում, մեզ հաջողվեց լուծել այս հարցը։ Հայաստանում Լիտվայի դեսպանը մեզ հանգստացրեց և ասաց, որ ամեն ինչ կանի վիզա ստանալու համար։ Երեք օր անց բոլորին վիզա տվեցին, բացառությամբ մեր թիմի երկու անդամի»,- Sport24-ին ասել է Սողոմոնյանը։

Նա նաև ասել է, որ Սլովակիան ևս կարող է արգելել Կովալենկոյին և Մոնարևին երկիր մուտք գործել, որտեղ հոկտեմբերի 27-ին կայանալու է «Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը:

Կովալենկոն ծնվել է Սանկտ Պետերբուրգում և խաղացել է «Զենիթի» երիտասարդական թիմում։ Մեծահասակների մակարդակում նրան հաջողվել է խաղալ «Սոչիում», «Տյումենում» և «Օլիմպ-Դոլգոպրուդնիում»։ 2022 թվականից Կովալենկոն ներկայացնում է հայկական «Փյունիկը»։ Հայաստանում նա հասցրեց խաղալ «Նոյում», որի կազմում դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև երկրի գավաթի և սուպերգավաթի հաղթող։




Լրահոս