ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  հայտնի  է, Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

 

Արդյունքում՝ դատավոր Խանդանյանը դիմել  է ՍԴ` վիճարկելով իր նկատմամբ կիրառված նորմերի Սահմանադրության համապատասխանության հարցը: Ահա այստեղ էլ թաղված է շան գլուխը:

Եվ այսպես, հայկական իրականությունում դատական համակարգը վերահսկելու լավագույն միջոցն անթաքույց դարձել է ԲԴԽ-ն, քանի որ վերջինս է իրավասու դադարեցնել դատավորի լիազորությունները՝ հասկանալով, որ իր որոշումները չեն կարող վերանայվել եւ վերջնական են։ Արդյունքում՝ ձեռք բերելով անսահամանափակ իշխանություն, ԲԴԽ-ն կայացնում է ցանկացած որոշում կամայական մեկնաբանություններով՝ նախապես վստահեցված լինելով, որ Սահմանադրական դատարանն իր հերթին խոչընդոտ չի հանդիսանա այդ գործում։

Նմանատիպ գործերը քննվել են հիմնականում Գագիկ Ջհանգիրյանի նախագահության օրոք, սակայն, անգամ վերջինիս հեռացումից հետո, կարծես թե բոլորը, այդ թվում՝ նաեւ Սահմանադրական դատարանում, առաջնորդվում են այն նույն գործելաոճով, որը թելադրված է եղել Ջհանգիրյանի կողմից։

Նշված դեպքերից բացառություն չէ դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունների դադարեցման գործը, որի շրջանակներում ԲԴԽ-ն դատավորի լիազորությունների դադարեցման որոշումը կայացրել էր Ջհանգիրյանի նախագահությամբ։ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում ներկայացվող տեղեկատվության համաձայն՝ Գագիկ Խանդանյանի կողմից ներկայացվել է դիմում Սահմանադրական դատարան 2021 թվականի դեկտեմբեր ամսին, որն ընդունվել էր վարույթ։

Վարույթ ընդունելուց հետո գործի քննությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այնուհետեւ կասեցվել է լրացուցիչ ապացույց պահանջելու հիմքով եւ շարունակում է կասեցված մնալ մինչ օրս։

Առաջին հայացքից որեւէ հատկանշական իրադարձություն այս գործում կարող է չթվալ, սակայն առավել մանրամասն դիտարկումից հետո պարզ է դառնում հետեւյալը.

-Ի սկզբանե զեկուցող դատավոր է նշանակվել Ե. Խունդկարյանը, ով 2008 թվականից մինչեւ 2018 թվականը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Վերջինս գործի քննության ընթացքում փոխարինվել է դատավոր Վահե Գրիգորյանով, ով նշանակվել է ՍԴ դատավոր 2019 թվականից՝ նախկինում չունենալով դատավորի փորձ։

-Վահե Գրիգորյանի՝ զեկուցվող նշանակվելուց հետո անմիջապես նույն օրը՝ 2022 թվականի մայիսի 31-ին, գործի վարույթը կասեցվում է՝ ապացույց պահանջելու հիմքով, սակայն կասեցման որոշումից հնարավոր չէ պարզել՝ ինչ ապացույց եւ ինչ փաստ հաստատելու համար է այն պահանջվել։

-Սահմանադրական դատարանում քննության ժամկետ սահմանված է 6 ամիս, իսկ երկարաձգում կարող է թույլատրվել, եթե վարույթը կասեցվում է։ Այս պահին անցել է շուրջ մեկ տարի, եւ դեռեւս վարույթը կասեցված է։

-Սահմանադրական դատարանը, ըստ էության, գործը քննում է ոչ թե փաստեր ուսումնասիրելու միջոցով, այլ հարցի սահմանադրականությունը պարզելու տեսանկյունից։ Հետեւաբար, անգամ եթե լրացուցիչ ապացույցների կարիք է առաջանում, ապա դրանք արդեն իսկ առկա են համապատասխան պետական մարմիններում եւ ձեռքբերումը որեւէ դժվարություն կամ լրացուցիչ ժամանակ չի պահանջում։ Այս պարագայում, կասեցումից հետո անցել է արդեն իսկ 6 ամիս, սակայն հնարավոր չէ պարզել, թե ինչո՞ւ ապացույցները դեռեւս չեն ներկայացվել Սահմանադրական դատարան եւ ի՞նչ է ձեռնարկել Սահմանադրական դատարանը՝ ապացույցները չստանալու պատճառները պարզելու ուղղությամբ։

-Գագիկ Խանդանյանի՝ դատավորի պաշտոն զբաղեցնելու տարիքը լրանում է 2023 թվականին։ Այսինքն՝ անգամ եթե սահմանադրական դատարանը բավարարի դիմումը, դրան պետք է դեռեւս հաջորդի ԲԴԽ-ում գործի նոր քննությունը։ Այսինքն, որքան գործը կասեցված է մնում, այնքան դիմումատուի իրավունքների վերականգնումը դառնում է քիչ հավանական՝ անկախ գործի ելքից։

-Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հավանականությունը շարունակում է պահպանվել, որը պայմանավորված է ինչպես նոր դատավորների նշանակման, այնպես էլ արդեն իսկ գործող դատավորների (որոնք պաշտոնավարում են դեռեւս վաղ անցյալից) փոփոխության հնարավորության հետ։ Կասեցումը թույլ կտա վերջնական որոշման կայացումն իրականացնել այն կազմով, որի անդամները սոլիդար կլինեն մեկը մյուսի նկատմամբ։

Ամբողջ վերոգրյալի վերլուծությունը ցույց է տալիս ոչ այնքան Սահմանադրական դատարանում գործի քննության ժամանակ տեղի ունեցող բացթողումները, որքան կապը Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների եւ ԲԴԽ-ում ավարտված գործի քննության հետ։

Եթե քննարկվող գործով նախաձեռնող սուբյեկտը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էր, ապա իրադարձությունների նման զարգացումը ցույց է տալիս, որ վերջինս շարունակում է ստվերային եղանակով պահպանել իր ազդեցությունը արդեն իսկ սկսված, սակայն չավարտված գործերում, անգամ եթե հարցի քննությունը տեղափոխվել է Սահմանադրական դատարան։

Կարծես թե ստեղծվում է աշխատանքից ազատվելու դեպքի դասական պատկեր, երբ չես կարող լքել աշխատանքդ, քանի դեռ չես ավարտել կիսատ գործերը։ Իրավիճակի նման պատկերը կարող է տարօրինակ չթվալ, քանի որ լրիվ տրամաբանական է, որ եթե Ջհանգիրյանը բոլոր հնարավոր եղանակներով ապահովել է Բարձրագույն խորհրդի անդամների միաձայն որոշումը, ապա նույն ջանքերը գործադրելու է նաեւ անմիջապես Սահմանադրական դատարանի բոլոր անդամների նկատմամբ, քանի դեռ չի հասել իր բաղձալի արդյունքին։ Ամեն ինչ պարզ է ԲԴԽ-ի դեպքում, սակայն ոչ Սահմանադրական դատարանի անդամների մասով, քանի որ վերջիններս դեռեւս դիմադրում են եւ չեն կողմնորոշվում իրենց ընտրության հարցում. մի կողմից՝ գործի քննությունը չեն ավարտել, մյուս կողմից՝ չեն էլ շտապում վերսկսել վարույթը։

Այլ տարբերակի դժվար է հավատալ, թե Սահմանադրական դատարանը այնքան կոմպետենտ չէ, որ մեկ տարվա ընթացքում չի կարողանում իրականացնել գործի քննությունը, կամ գոյություն ունի որեւէ պետական մարմին, որ ամիսների ընթացքում չի տրամադրում պահանջվող ապացույցները՝ դրանով իսկ խոչընդոտելով սահմանադրական արդարադատությանը, որի համար, ի դեպ, օրենքով սահմանված է պատասխանատվություն։

Սահմանադրական դատարանի անվանումն ինքնին արդեն իսկ կանխորոշում է վերջինիս դերը ոչ միայն դատական, այլ նաեւ հենց ամբողջ պետական համակարգում եւ հասարակությունում, քանի որ Սահմանադրական դատարանի հիմնական խնդիրը Սահմանադրության՝ երկրի հիմնական օրենքի պահպանումն է։

Որպես կանոն դատարանի անաչառության եւ որոշումների իրավաչափության գնահատումը տեղի է ունենում գործի քննության ավարտից հետո, երբ արդեն իսկ պարզ է դառնում գործի ելքը, եւ բացահայտվում են դատարանի պատճառաբանությունները։ Այս դեպքում, սակայն, կարծես թե հենց գործի քննության ընթացքում է, որ պարզ է եւ կանխատեսելի է դառնում Սահմանադրական դատարանի կանխակալ գործելաոճը, հակառակ պարագայում՝ գործի քննությունը կզարգանար բնականոն հունով, քանի որ որեւէ խոչընդոտ առկա չէ։

Քննարկվող հարցի նշանակությունը դուրս է գալիս մեկ գործի սահմաններից եւ առնչվում է ամբողջ պետական համակարգին, քանի որ եթե այս գործով է Սահմանադրական դատարանը դրսեւորում առնվազն անհասկանալի եւ վստահություն չներշնչող վարքագիծ, ապա հարց է առաջանում՝ մյուս դեպքերում հասարակության անդամներն ինչպես կարող են վստահել, որ իրենց վերաբերող կամ այլ հայտնի ու հնչեղ գործերով գործի քննությունը չի իրականացվի նմանատիպ եղանակով։ Արդյունքում առաջանում է զանգվածային անվստահություն դատական համակարգի ամենաբարձր օղակի նկատմամբ, այն պայմաններում, երբ պետական համակարգի ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձինք արդեն բավականին երկար ժամանակ պնդում են, որ իրենց պայքարը այնպիսի համակարգի ստեղծումն է, որը կապահովի արդարադատության պատշաճ իրականացումը։

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ խմբագրականը շարունակելու է հետեւել գործի ընթացքին եւ կտեղեկացնի հասարակությանը սույն գործով իրադարձությունների զարգացման մասին։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԽԱՀԱՐՎԱԾ ԴԻԱԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 12-ին ուշագրավ դեպք է եղել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում: Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է Վահրամ. Մ-ի ծխահարված դիակը՝ անկողնում պառկած վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ծխահարվել է՝ ծխախոտը անկողնուն ընկնելու հետեւանքով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ վայրում անհայտ անձի կողմից կրակոցներ հնչեցնելու եւ հայհոյելու մասին ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 16:14-ին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն թաղամասի 44-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել է 31 հատ պարկուճ եւ 2 հատ փամփուշտ: 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 հատ S & B 7,62*25 գրառմամբ փամփուշտ: Վերջինիս կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել «COLT տեսակի», «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, ինչպես նաեւ «INFORCE» գրառմամբ ատրճանակներ, «ԹժկՀՆ-ԽԾ» տեսակի ինքնաձիգ, 66 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 պարկուճ, 2 հատ փամփշտատուփ, որոնք առգրավվել են: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

ՄԵՔԵՆԱՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13-ին, 1-02 ծառայություն է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված իր մեքենան փախցրել են: Մեքենայատերը հայտնել է, որ Զովունու 5-րդ փողոցում կայանված իր «Ֆոլքսվագենը» փախցրել են գիշերը: Նաիրիի ոստիկանները կողմնորոշիչներ ուղարկեցին հարակից մարզերի գործընկերներին, մայրաքաղաքի եւ մարզային պարեկային ծառայություններ` հայտնելով մեքենայի եւ հնարավոր առեւանգողի տվյալները: Միջոցառումներն արդյունք տվին նույն օրը, նաեւ հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը ավտոառեւանգողի վերաբերյալ: Շիրակի մարզի պարեկների տեսադաշտում է հայտնվում առեւանգված մեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Գետք գյուղի վարչական տարածքում. նա ձերբակալվում է եւ առեւանգված «Ֆոլքսվագենով» հանդերձ՝ տեղափոխվում ոստիկանության Ախուրյանի բաժին։ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը հայտնում է, որ մեքենան ինքն է առեւանգել Զովունի գյուղի 5-րդ փողոցից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բացովի դանակ:




Լրահոս