Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:
Ոչ պաշտոնական, անմիջական զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:
«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը:
Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:
Սիրիահայերը բարձր են գնահատել այդ դժվարին օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել և շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը և լավագույն ավանդույթներ ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը: