Գևորգ Սիմոնյանի գործով պետք է հարցաքննեն նաև Անահիտ Ավանեսյանին․ փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքի մասով պետք է անցնի նաև ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես հայտնի է, Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել, թե ինչու է հանրային քրեական հետապնդում հարուցվել նրա նկատմամբ։

Մասնավորապես, Սիմոնյանը նշանակված է եղել որպես պատասխանատու կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգի համար։

Սակայն «Մեդլայն» կլինիկան՝  Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խոսքը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի մասին է։ Նկատենք ՝ առողջապահության նախկին նախարար, ներկայումս Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այլևս նախարար չէ 2021 թվականի հունվարից։ Նույն տարվա հունվարի 18-ից մինչև այժմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Անահիտ Ավանեսյանը։ Այսինքն, ստացվում է՝ Գևորգ Սիմոնյանին և կլինիկայի ղեկավարությանը մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում՝ մոտ 11 ամիս, իսկ Արսեն Թորոսյանի դեպքում՝ յոթ ամիս։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, որպեսզի նա ներկայանա նախաքննական մարմին և հարցաքննվի որպես վկա։ Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ նույն ծանուցումից պետք է ուղարկվի նաև Անահիտ Ավանեսյանին, քանի որ այդ արարքը կատարվել է նաև նրա պաշտոնավարման ժամանակ։

Ն․Հ․




Լրահոս