Armenian text to speach

Ո՞վ է ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալ Քրիստինա Թաթարյանը․ կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում և տիրապետում է 5 լեզվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Նորանշանակ փոխնախարարն ունի միջազգային, մասնավոր և հանրային ոլորտներում աշխատանքի փորձ, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում։

Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին՝ Ուկրաինայի Կիև քաղաքում։ Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։

2010-2014 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի «Դին Քլոուզ» դպրոցում։ 2015-2018 թվականներին ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան անգլիական գրականություն մասնագիտությամբ։

2020-2021 թվականներին սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում և ստացել «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործական և լեզվական շերտերը։ Նա նաև հայերենից անգլերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ այն ներկայացնելով դրամատիկական ադապտացիայի ձևաչափով։

Թաթարյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է 2017 թվականին՝ «Ernst & Young» ընկերությունում։

2018-2019 թվականներին նա աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում՝ որպես փորձագետ ներգրավվելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տարբեր նախագծերում։

2019-2020 թվականներին աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ։ Այդ ընթացքում ներգրավված է եղել պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։

2021-2024 թվականներին Քրիստինա Թաթարյանը եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։

2022-2026 թվականներին աշխատել է «Ա-Տրենդ» ընկերությունում՝ որպես գործադիր տնօրեն։ Ընկերությունը զբաղվում է միջազգային բրենդների դիստրիբուցիայով և շուկայի զարգացմամբ։

Քրիստինա Թաթարյանը տիրապետում է անգլերեն, ուկրաիներեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։

Նորանշանակ փոխնախարարը ամուսնացած է և ունի երեք երեխա։

Քրիստինա Թաթարյանի նշանակումը տեղի է ունենում այն գործընթացի շրջանակում, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին դիմել և ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Փաշինյանը հունիսի 13-ին հայտարարել էր այդ նախաձեռնության մասին, իսկ օգոստոսի 4-ին հայտնել էր, որ արդեն ստացել են 1141 հայտ, որոնցից 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է հաջորդ փուլ։ Ավելի ուշ վարչապետը հայտնել էր, որ որոշ դիմումատուների պատրաստվում է նշանակել բարձր պաշտոններում։

Անի Վարդանյան




Լրահոս