ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի:

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը միտված է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն:

Այս համատեսքտում շեշտվել է այդ գործելակերպի դատապարտման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության անհրաժեշտությունն ադրբեջանական կողմի սադրանքների կանխման, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման գործում։ Արարատ Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության կանխման նպատակով միջազգային համապատասխան գործիքակազմի գործարկումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։




Լրահոս