«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման անցկացման վայրը պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այն հարցում, թե որտեղ կկայանա «3+3»-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը, այժմ պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին»,- ասել է Կալուգինը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ «3+3» ձևաչափի շրջանակում ընդլայնվում է գործնական համագործակցությունը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում, նախատեսվում է ձևաչափի առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով։
«3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, իսկ Վրաստանը հրավիրվել է մասնակցելու, սակայն մինչ այժմ չի միացել աշխատանքներին։
Ձևաչափի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ ԱԳ նախարարների մակարդակով առաջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում, իսկ վերջին հանդիպումը՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։
Անի Վարդանյան




























