ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանին Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հարցը։
Մեր տեղեկություններով՝ Հունանյանի հնարավոր նշանակման հարցը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, այնուհետ գործընթացին համաձայնություն է տվել նաև արտաքին գործերի նախարարությունը։ Այժմ, ըստ մեր աղբյուրների, հարցը գտնվում է ընթացքի մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի առաջարկությամբ, հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Արզումանյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի սեպտեմբերից։
Իսկ ո՞վ է Վահան Հունանյանը
Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։ Նա կրթությամբ ֆիզիկոս է՝ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա` ստացել եվրոպագետի մագիստրոսի աստիճան։ 2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։
Հունանյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 2012 թվականին՝ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թվականներին աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
2018-2020 թվականներին նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար։
2023 թվականի մարտին Հունանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից՝ հայտարարելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ համակարգում։ Այժմ ԱԳ նախարարի խորհրդականն է:
Հատկանշական է նաև, որ Հունանյանը 2019 թվականին Վարշավայում Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակով եռամսյա հետազոտական աշխատանք է իրականացրել։ Նա տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։
ArmLur.am-ը կապ հաստատեց Վահան Հունանյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք իր թեկնածությունը քննարկվում է Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հարցն ուղղենք ԱԳՆ լրատվական ծառայությանը։
Մենք դիմեցինք նաև ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանին, ով փոխանցեց. «ՀՀ դեսպանների նշանակումն իրականացվում է նախագահի հրամանագրով, որը սահմանված կարգով հրապարակվում է»:
Սոնա Գրիգորյան
























































































