Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։
Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։
Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարկ է նշել, որ ինչպես թմրամիջոցների օգտագործումը, այնպես էլ մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։ Վերստինհորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցների շրջանառությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն և անզիջում պայքար է մղում կյանքեր կործանող այդ չարիքի դեմ։