Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:
Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։
Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։
Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:
Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հինադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմից էլ հայտնում են. «Երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30–ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ: