«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ ԱԲՍՈՒՐԴ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Վերջերս Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Երեսուն տարի է՝ ապրում ենք մի երկրում, որը «կադաստրի վկայական» չունի». սա մեկնաբանությունների մեծ ալիք առաջացրեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

 

-Պարոն՛ Սարգսյան, վերջերս ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հերթական անհասկանալի արտահայտությունը արեց, որը տարբեր մեկնաբանությունների առիթ  տվեց: Ասում է. «30 տարի է՝ մենք ապրում ենք մի երկրում, որը «կադաստրի վկայական» չունի»: Նախ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ է նշանակում «երկրի կադաստրի վկայական», ու արդյոք սրանով Նիկոլ Փաշինյանը  հարցականի տակ չի՞ դնում Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյությունը:

-Ախր, ինքը ո՞վ է, որ  հարցականի տակ դնի մի  ամբողջ պետության գոյությունը: Իր նման վարչապետներ մենք ունեցել ենք տասնյակներ, երեկվա վաչապետին էլ անգամ չենք հիշում, էնպես որ սրա դարն էլ կգա, կանցնի, կմոռանան: Կամ էլ չեն մոռանա, որպեսզի իրեն պատասխանատվության կանչեն: Դա, ըստ էության, այնքան աբսուրդային հարց է:  Ինքը հատուկ է  անում, որպեսզի բոլորը սկսեն քննարկել:  Էն, որ ասում են՝ «մի հիմար քարը գլորում է փոսը, հարյուրը չեն կարողանում հանել», հիմա սա է: Խոսքը, որպեսզի ժողովուրդը մի փոքր հասկանա՝ ինչի մասին է, ասեմ. եթե  մենք արդեն ՄԱԿ-ի անդամ ենք, եւ ինքն էլ իր բերանով ասում է, որ 1991 թվականի ԱՊՀ երկրների միության դեկլարացիայով մեր սահմանները  որոշված են (իր պատկերացմամբ՝ սխալ է, բայց դա ուրիշ հարց է) էլ ո՞նց ես դու ասում, որ կադաստր է, չգիտեմ ինչ է:

Ընդհանրապես էդպիսի հասկացություն քաղաքականության մեջ չկա՝ «կադաստրի վկայական»: Այսինքն՝ ի՞նչ ես ուզում ասես՝ քո Հայաստանի  կադա՞ստրը դա պիտի ձեւակերպի,  քեզ տա, թե՞ Ադրբեջանի: Էդ դեպքում դու էլ Ադրբեջանի Կադաստրին պիտի դիմես: Այնքան աբսուրդի թատրոնից է, որ  քննարկելն անհարմար էլ է: Ինքը թող նստի, քննարկի  իր էդ  Ալեն Սիմոնյանի, չգիտեմ՝ էլ ով կա էդտեղ, էդ կարկառուն դեմքերի հետ միասին, միգուցե դրանից բավականություն ստանան:

-Պարո՛ն Սարգսյան, երեկ Մոսկվայում  կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը: Ինչպե՞ս կգնահատեք  այս հանդիպումը: Ըստ էության, կարծես որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, ու որեւէ համաձայնություն ձեռք չբերվեց:

-Ես համոզված եմ, որ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուներ հանձնարարարություն՝ Մոսկվայում ոչ մի համաձայնության չգալու: Իհարկե, մենք այս պահին  դեմ ենք ընդհանրապես որեւէ համաձայնության Ադրբեջանի հետ. ես ուզում եմ դա հատուկ շեշտել: Ամեն դեպքում, տեսեք, օրինակ՝ Ալիեւն ասում է. «Ադրբեջանի քաղաքացիները որեւէ խնդիր չունեն Արցախի տարածքով գնալ-գալու: Այսինքն՝ ինքը  համարում է, որ նրանք արդեն Ադրբեջանի քաղաքացիներ են: Սուտ: Արցախի Հանրապետությունում չկա  գեթ մեկը, որ ընդունել է Ադրբեջանի քաղաքացիություն: Նրանք բոլորը ունեն ՀՀ անձնագիր,այսինքն՝ իրենք մեր քաղաքացիներն են, Հայաստանի վարչապետը պապանձված  չի առարկում դրա վերաբերյալ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ երբ որ նա նրան  ասում է, որ Դուք ինձ մեղադրում եք այն բանում, որ, իբրեւ թե, ես Զանգեզուրի  միջանցքի մասին եմ խոսում… Ի՞նչ է Ասում Ալիեւը. ասում է՝ դա մեր իրավունքն է նախաձեռնող լինել, այսինքն՝ ասում է, որ  դու էնքան ապուշ ես, որ  չես հասկանում, որ մենք  ընդամենը նախաձեռնել ենք, դու էլ կարող ես չհամաձայնել, ու դրանով ամեն ինչ կավարտվի: Իսկ դու նստել ես, էդ ամենը լուրջ քննարկում ես:

Դու պիտի ասես, որ չկա այդպիսի հարցադրում ու վերջ: Փակում ես այդ  թեման ընդհանրապես:

Բացի այդ ամենից, հասկանում եք, չէ՞, երբ որ մարդ չի կարողանում ձեւակերպել այն, ինչը որ անհրաժեշտ է, դառնում է ծաղրանքի առարկա,  եւ պետության ղեկավարը իրավունք չունի  կմկմալով խոսել: 10 րոպեի ընթացքում 2 րոպե է խոսել ինքը, մնացածը կմկմում էր ինքը: Սա այն իրավիճակն է, որ դրա համար իրեն լուրջ չեն ընդունի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

Ի՞ՆՉ ԹՂԹԵՐ ԷԻՆ ԱՅՐՎԵԼ

Նախօրեին համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում է՝ ինչպես են Ծիծեռնակաբերդի այգում՝ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ, արկղերով մեծ քանակությամբ տարբեր թղթեր այրում:

 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ավելի ուշ պարզաբանում էր տարածել, թե համացանցում տարածված տեսանյութում երեւացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սեւագրերն են:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ առավոտից եղել է դեպքի վայրում` պարզելու, թե, ի վերջո, ինչ է կատարվել Ցեղասպանության թանգարանի բակում, ինչ թղթեր են այրվել, եւ որն է եղել նպատակը: Մի քանի ժամ տարածքում շրջելու ընթացում այնտեղ, բացի անվտանգության աշխատակիցներից, որեւէ մեկին գտնել չհաջողվեց, իսկ թանգարան-ինստիտուտը փակ էր. չէին աշխատում:

Նշենք նաեւ, որ թանգարանի ղեկավարի հետ կապ հաստատել առհասարակ չի հաջողվում. կառույցի տնօրեն Հարություն Մարությանը նույնիսկ հեռախոսազանգերին չի պատասխանում:

Հիշեցնենք, որ Հարություն Մարությանը կառույցի տնօրեն է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, որից առաջ կառույցը ղեկավարել է Հայկ Դեմոյանը: Մարությանի ընտրվելուց ամիսներ առաջ վեճ էր ծագել թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ, որից հետո լրագրողների հետ զրուցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ դեռեւս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրամ դարձնելու մասին: Նշանակվել էր նաեւ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, որը պետք է ղեկավարեր թանգարան-ինստիտուտը մինչեւ նոր տնօրենի ընտրությունները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորությամբ տնօրեն նշանակված Հարություն Մարությանի ղեկավարության տակ գտնվող կառույցում աշխարհի տարբեր ծայրերից ցեղասպանության մասին վկայող թղթերը տարիներով թանգարանում որպես փաստ պահվելուց հետո հիմա մի քանի րոպեում այրվում են:

Միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել էր մի քաղաքացի, որը պատմեց, որ թղթերը այվել են հենց թանգարանի բակում: Թանգարանի աշխատակիցներն իրենք են արկղերով թղթերը դուրս հանել, իսկ դրանք վառելն իրականացնում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Աղաբեկյանն ասաց, որ իրենց աշխատակիցները որեւէ կապ չունեն դեպքի հետ: Փաստ է մի բան, որ թանգարանը բարձիթողի վիճակում է, ու բոլորն անում են այն, ինչ ցանկանում են:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչեւ գալիս է Փաշինյանը: Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սեւակ Ղահրամանյանը եւ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա:

Այս այցը եւս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաեւ Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ  Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար՝ կրկին պետբյուջեի հաշվին:

 

 




Լրահոս