ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփվել են Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ինչպես տեղեկացրին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խմբից, ժյուրիի որոշմամբ՝ 1-ին մրցանակի արժանացել է Իվան Բուշուեւի (Ռուսաստան) հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավել է Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացել է Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվել է Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։

 

Հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվել են «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Իվան Բուշուեւը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ է, որ իր երաժշտությունը հնչել է մրցույթի գալա համերգի ընթացքում։ Նա ընդգծեց, որ ուրախ է, որ իր մեծ կապերը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ կարողացավ արտահայտել երաժշտության միջոցով։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր «Կողբ» հիմնադրամը. այն միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժեւորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթի գլխավոր հովանավորներն էին FastBank-ը եւ FastShift ընկերությունը, հովանավորներն էին Team Telecom Armenia եւ «Տրանսիմպեքս» (FedEx) ընկերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբոյւրի՝ ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ մրցույթը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ հասկանալու, որ հայոց լեզուն ունի շատ թաքնված դռներ, այն մեծ ասելիք ունի նաեւ կոմպոզիտորի համար, որը փնփրտուքների մեջ իրեն նորովի է բացահայտում։ Նա վստահություն հայտնեց, որ մրցույթի շրջանակներում գրված ստեղծագործությունները երկար կապրեն տարբեր համերգային բեմերում՝ գրավելով ունկնդրի սրտերը։ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է Մանսուրյանի անվան մրցույթի կազմակերպիչ լինելը։ Նրա խոսքով՝ մրցույթի նպատակներից էր նաեւ Հայաստանում մշակութային ակտիվությանը նպաստելն ու աշխարհի մշակութային քարտեզի վրա Երեւանն ու Հայաստանն ավելի տեսանելի դարձնելը։  «Մաեստրո Մանսուրյանը մրցույթի փակման արարողությանը նկատեց, որ իր մեծագույն սերը եղել են Կոմիտասը, հայկական պոեզիան՝ 5-րդ դարից մինչեւ Եղիշե Չարենց ու Համո Սահյան, եւ ամիսներ առաջ լսելով մրցույթի նախաձեռնության մասին՝ առաջարկել էր այն կազմակերպել՝ առանցքում ունենալով հայերենը»,- հայտնում են մրցույթի կազմակերպչական խմբից։ Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում էին հաղթողի կոչման համար։

Մրցույթին դիմած բոլոր մասնակիցները ներկայացրել էին մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի եւ մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները գրված են եղել հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

 

 

 

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ

Կաննի կինոփառատոնից հետո Մարտին Սկորսեզեն շրջագայության է մեկնել Իտալիա, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ եւ հայտարարել, որ ֆիլմ է նկարելու Հիսուսի մասին. այս մասին հայտնում է Variety-ն։

 

«Ես արձագանքեցի արվեստագետներին ուղղված Հռոմի պապի կոչին ինձ հայտնի ձեւով՝ հորինելով եւ գրելով սցենար Հիսուսի մասին ֆիլմի համար, եւ ես պատրաստվում եմ սկսել նկարահանել այն»,- ասել է Սկորսեզեն Վատիկանում կայացած համաժողովի ժամանակ: Ռեժիսորն առաջարկել է, որ սա կարող է լինել իր հաջորդ ֆիլմը։

Սկորսեզեն նաեւ հիացել է Պիեր Պաոլո Պազոլինիի «Մատթեոսի ավետարանով» եւ խոսել 1988 թվականի վիճահարույց «Քրիստոսի վերջին գայթակղությունը» էպոսի նշանակության ու «Հիսուսի կերպարի ուսումնասիրության հաջորդ քայլի» մասին, որը ներկայացված էր 2016 թվականի «Լռությունը» կարճ դրամայում։

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին:

«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից:

Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում եւ փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին:

 

 

 

 

ՍՐԲՈՒԿԸ՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Այս օրերին երգչուհի Սրբուկը իր հանգիստն է վայելում Կիպրոսում: Երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հաճախ է կիսվում ծովափնյա լուսանկարներով երկրպագուների համար:

Սրբուկը լուսանկարներին կից գրել է. «Այս ճամփորդությունը դեռ երկար կհիշեմ, որովհետեւ եւ՛ շատ լավ էր կազմակերպված, եւ՛ թիմն էր լավը, մեկը մեկից գունավոր ու դրական օրեր ենք անցկացրել։ Եւ ինչպե՞ս չսիրել այս ընկերական, հյուրընկալ, թեժ մթնոլորտով վայրը՝ գժական գեղեցիկ բնությամբ եւ օդում տիրող հանգստությամբ»:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Բասկետբոլի Ա-լիգայում կայացել է 2-րդ հանդիպումը. նորից ասպարեզ է դուրս եկել «Ուրարտու»-ն:

Այս անգամ Միքայել Պողոսյանի սաները «Միկա» մարզահամալիրում հանդիպել են ՖԻՄԱ-ի հետ ու տարել 2-րդ հաղթանակը: Դիմակայությունն ավարտվել է 117:93 հաշվով:

Առաջին խաղում «Ուրարտու»-ն 97:94 հաշվով առավելության էր հասել «Արթիկ»-ի նկատմամբ:

Հաջորդ խաղը լինելու է հունիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, միմյանց դեմ մրցելու են ԲԿՄԱ-ն ու «Արթիկ»-ը:

 




Լրահոս