ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՐԵՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

 

Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Freedom House կազմակերպության հարգելի՛ նախագահ,

հարգելի՛ ներկաներ,

Ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը արդեն երկրորդ տարին անընդմեջ եւ հույս ունեմ, որ այս միջոցառումը, այս կարեւոր իրադարձությունն իսկապես կշարունակվի ամեն տարի եւ կդառնա ամենամյա:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է:

Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, եւ մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետեւ ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատություններ սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի էլ: Բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին եւ ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավական խոսուն փաստ է, որովհետեւ երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում: Ցավոք, այդ «այլ պայմանները» եղան, եւ արձանագրեցինք, որ այդ «այլ պայմաններում» ընտրություններն ամենեւին էլ պակաս ազատ եւ ժողովրդավարական չեն, եւ դա միջազգային հանրության գնահատականն է, ինչը չի նշանակում, որ եւ՛ 2018 թվականին, եւ՛ 2019 թվականին ընտրությունները եղել են անթերի: Նկատի ունեմ, իհարկե, քաղաքական մթնոլորտը եւ քաղաքական կուլտուրան մի հարց է, որը դեռ պետք է հասցեագրվի:

Այս առումով, այո՛, պիտի ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, եւ սա մեր համոզմունքն է եւ մեր ռազմավարությունը: Դա ամենեւին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ: Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ժողովուրդը վարում են:

Այս իմաստով պիտի ընդգծեմ նաեւ, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ»:

 

 

 

 

 

ԱՄՆ-Ն՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնեւում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա բանակցություններից. հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնեւում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի՝ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե բռնության կիրառմամբ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- նշել է Միլլերը:

Ըստ նրա՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակության, իսկ կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ եւ հույս», իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար:

Հիշեցնենք՝ հունիսի մեկին Քիշնեւում նախատեսված է Իլհամ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

 

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում ու  պահանջել Ադրբեջանից մինչեւ սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն՝ արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ. եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների եւ բժշկական հետազոտությունների մասին:

Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում եւ պահանջել, որպեսզի, Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել՝ տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների եւ առողջական վիճակի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

Փաշինյանն ու կինը՝ Մոլդովայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:

Վարչապետը Քիշնեւում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Քիշնեւում նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

 

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ՝ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄՈՒ» ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ եւ քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան եւ ընդգծել, որ համագործակցությունը զարգացնելուն ուղղված մեծ ներուժ կա եղբայրական պետությունների դատախազությունների միջեւ:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մասնագիտական տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար:

Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը, եւ ընդգծվել է, որ երկու երկրների դատախազությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը եւ գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, եւ քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու եւ ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ եւ կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցված աշխատանքի եւ ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:

 

 




Լրահոս